Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ. ԱԺ-ում լսումներ են անցկացվել
Հայաստանի ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 15-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով: Լսումներին մասնակցել են պատգամավորներ, կառավարության անդամներ, իրավասու գերատեսչությունների, կրթական հաստատությունների, ազգային փոքրամասնությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, եւ ամուսնացող մյուս անձն առնվազն 18 տարեկան է:
Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով նախատեսում է օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել: Հանձնաժողովի նախագահի տեղակալն արձանագրել է, որ որպես եզդիական համայնքի ներկայացուցիչ` ահազանգեր է ստանում հատկապես եզդիների շրջանում վաղ տարիքում ամուսնության վերաբերյալ, սակայն բազմաթիվ են դեպքերը նաեւ հայերի շրջանում:
Ըստ Ռուստամ Բաքոյանի` ամուսնանալու ազատությունը չպետք է խոչընդոտի անձի պարտադիր կրթության, առողջության եւ մի շարք այլ իրավունքների իրացմանը: Պատգամավորը խոսել է անչափահասների ամուսնությունների առողջական, կրթական ու սոցիալական բացասական հետեւանքների մասին: Հանձնաժողովի փոխնախագահի համոզմամբ՝ լիարժեք կրթություն չստացած մայրը չի կարող ապահովել իր երեխայի լիարժեք համակողմանի կրթությունն ու զարգացումը:
«Ամուսնության տարիքային շեմի բարձրացումը կարեւորում եմ նաեւ մեր` եզդիական համայնքի ինքնության պահպանման առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից»,- փաստել է պատգամավորը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով վաղ ամուսնություններն առաջին հերթին ազդում են երեխայի` պարտադիր կրթությունից դուրս մնալու վրա: «Մեզ` որպես կրթության գերատեսչություն, անհանգստացնում է այս հարցը: Նախաձեռնությունը կարեւոր է, որ մենք կարողանանք լուծել կամ կանխարգելել բոլոր այն խնդիրները, որոնք առաջանում են վաղ ամուսնության հետեւանքով»,- նշել է նա:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ 2023-2024 թվականների ուսումնական տարվա դրությամբ հանրակրթական դպրոցներում սովորում է 1319 ազգությամբ եզդի աղջիկ: 2023 թվականի ընթացքում 171 սովորող դուրս է եկել կրթական համակարգից: Նշվել է, որ ազգությամբ եզդի երեխաների` կրթությունից դուրս մնալու շարժը զգալի է հատկապես ավագ դպրոցներում:
Խոսելով բուհերում տիրող իրավիճակի մասին` զեկուցողը փաստել է` վերջին երեք տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ ազգությամբ եզդի ուսանողներից որեւէ աղջիկ չի սովորել մագիստրատուրայում: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է բարձրագույն կրթության համակարգում սեռային անհամաչափ բաշխվածության խնդրին` ընդգծելով, որ շատ հաճախ աղջիկները հնարավորություն չեն ունենում ստանալու բարձրագույն կրթություն:
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն էլ առողջապահական տեսանկյունից է խոսել վաղ ամուսնությունների բացասական հետեւանքների մասին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է ազգային փոքրամասնությունների, կանանց իրավունքների լիարժեք իրացմանը, այս հարցում պետության դերակատարությանն ու խնդիրների լուծման հարցում իրականացվող քայլերին: Ըստ զեկուցողի` օրենսդրական կարգավորումներից բացի մարդկանց աշխարհայացքը եւ մոտեցումները փոխելու ուղղությամբ բազմակողմ քայլեր պետք է իրականացվեն, ամբողջությամբ պետք է բարեփոխվի կրթական համակարգը, քանի որ կարծրատիպային մոտեցումներն առաջին հերթին տարածվում են այս սոցիալական հաստատությունների միջոցով: Խնդիրների հաղթահարման հարցում Պաշտպանը կարեւորել է ծնողների հետ պատշաճ աշխատանքը, արդյունավետ հանրային իրազեկումը, խոսել օրենսդրական կարգավորման մասին: Անահիտ Մանասյանն ընդգծել է` խնդիրը պետք է նուրբ եւ զգայուն մեթոդաբանությամբ լուծվի. դրա համար անհրաժեշտ է պետության, քաղաքացիական հասարակության եւ համապատասխան համայնքների, այդ թվում` ազգային փոքրամասնության համայնքների միջեւ սերտ համագործակցությամբ իրականացվող աշխատանքը:
«Վաղ ամուսնությունը համարվում է գենդերային խտրականության օրինակ, քանի որ ավելի վնասակար է աղջիկների համար եւ ավելի տարածված է աղջիկների շրջանում»,- ընդգծել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը: Փոխնախարարի խոսքով՝ երեխաների ամուսնության պրակտիկային վերջ դնելը դարձել է գենդերային հավասարության կարեւոր նպատակ միջազգային զարգացման օրակարգերում:
Ռուստամ Բաքոյանը հիշեցրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը բաց է կառուցողական առաջարկների համար եւ ապագայում պատրաստ է դրանք տեղայնացնել նաեւ օրենսդրական փաստաթղթում:
Կարծիքներ