Շուրջ 19000 բազմաբնակարան շենքերից 524-ի տեխնիկական վիճակն անբավարար է
ՀՀ տարածքի ընդհանուր բնակֆոնդում կան շուրջ 19000 բազմաբնակարան շենքեր, որոնցից 614-ը, առկա եզրակացությունների համաձայն, անբավարար են ճանաչված:
Այս մասին ասաց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:
«Այդ 614-ից 524-ի տեխնիկական վիճակն անբավարար է, իսկ մնացած 90 շենքը ենթակա են քանդման: Տեխնիկական լեզվով եթե խոսենք, ապա 524 շենքն ունեն վնասվածության 3-րդ աստճան, դրանք հնարավոր է վերակառուցել, որպեսզի բերվեն բավարար վիճակի: Մնացած 90-ը 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն, և դրանք պետք է ապամոնտաժվեն, քանի որ ինչ աշխատանք էլ արվի՝ նորմատիվային վիճակի հնարավոր չէ բերել»,- նշեց Արզումանյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում ընդհանուր բնակֆոնդի 3.2 տոկոսն է եզրակացությունների համաձայն ճանաչվել անբավարար: Դրանք հիմնականում կենտրոնացած են Երևանում (120 շենք), Լոռու և Շիրակի մարզերում (համապատասխանաբար՝ 149 և 123 շենք):
«Լոռու և Շիրակի մարզերում 1988-ին երկրաշարժ է եղել և դրանից հետո, հատկապես խորհրդային տարիներին, կառուցված շենքերն ավելի են թուլացել: Վանաձորում 86 շենք 3-4-րդ աստիճանի վնասվածություն ունի, իսկ Գյումրիում՝ 97: Երևանում նման շենքերը 120-ն են, ամենաշատը Աջափնյակ վարչական շրջանում են, ինչպես նաև Էրեբունիում և Շենգավիթում»,- ասաց Արզումանյանը:
Բացի բազմաբնակարան ֆոնդից, Հայաստաում կա նաև 1200 և ավելի անհատական տուն, որոնք 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն, ինչը հիմնականում եղել է բնական տեխնածին աղետների՝ սողանքի, երկրաշարժի պատճառով:
Կարծիքներ