Երաժշտությունով ու արվեստով. երեխաների օգնությունը սահմանին
Պատերազմական օրերին բոլորին միավորել է մեկ ընդհանուր նպատակ՝ ամեն ինչ առաջնագծի և զինվորի համար: Բանակին օգնելու գործին միացել են բոլորը՝ մեծից մինչև փոքր:
Կամոն, Արթուրը, Յուրան, Արտյոմը և Գագիկը նույնպես անմասն չեն մնացել սահմանին կանգած զինվորներին աջակցելու կարևորագույն գործից: Երեխաներն արդեն երկրորդ օր է, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում դհոլ են նվագում, վաճառում իրենց նկարած նկարները: Իրենց հետ նաև շոկոլադ են վերցրել, կրկին վաճառելու նպատակով, անցորդներն էլ իրենց կողմից են կոնֆետներ ավելացրել: Չնայած երեխաներից մի քանիսը երաժշտական կրթություն են ստանում, մի քանիսն էլ նկարչության դասերի հաճախում, բայց ինչպես պատմում է երկու տղաների մայրը՝ վախենում էին, որ գուցե չստացվի գումար հավաքել: Սակայն ծնողները վստահեցրել են՝ ամենափոքր գումարն անգամ կարևոր է: Երեկ տղաները 72820 դրամ են վաստակել, այդ գումարից և ոչ մի դրամ չեն ծախսելու, ամբողջը փոխանցելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Նաև վստահեցնում են՝ պատերազմից հետ էլ պիտի շարունակեն գումար հանգանակել, թիկունքը միշտ է պետք ամուր պահել:
Կարծիքներ