2024 թ. պետական բյուջեն բոլոր ժամանակների ամենամեծ պետական բյուջեն է. Գևորգ Պապոյան

2024 թ. պետական բյուջեն բոլոր ժամանակների ամենամեծ պետական բյուջեն է. Գևորգ Պապոյան

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակով եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 676 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով մուտքերը կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ: ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 2 տրիլիոն 322 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 710 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի շուրջ 6.6 տոկոսը:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 8-ի արտահերթ նիստում` ամփոփելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախնական քննարկումները:

Ըստ նրա` ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի շուրջ 340 միլիարդ դրամ կամ ՀՆԱ 3.2 տոկոսը, որի հետևանքով պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թվականի վերջում կկազմի 48.4 տոկոս: Այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն կտա պահպանել ՀՀ կառավարության վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ կայունության պաշար ապագա հնարավոր ռիսկերին դիմակայելու համար:

Նշվել է, որ 2024 թվականի պետական բյուջեի շրջանակում իրականացվող միջոցառումների հիմնական նպատակը լինելու է տնտեսության մրցունակության և արտադրողականության աճը: Եկող տարի ՀՀ կառավարությունը շարունակելու է թիրախավորել երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը` տարեկան շուրջ 7 տոկոս մակարդակում:

ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ 2024 թվականին  կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, այդ թվում` առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդնում, ընտանեկան նպաստների համակարգի բարելավում, 3 և ավելի երեխա ունցող ընտանիքներին դրամական աջակցության ծավալների ավելացում, առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի առաջանցիկ աճ:

2022 թվականին Հայաստանի տնտեսությունն ապահովել է բարձր տնտեսական աճ, ինչը շարունակվել է 2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում: Մասնավորապես, 2022 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 12.6 տոկոս, իսկ 2023 թվականի 1-ին կիսամյակում` 10.5 տոկոս:

2022 թվականի բարձր տնտեսական աճը և հարկաբյուջետային քաղաքականության ջանքերը թույլ են տվել ապահովելու ՀՆԱ համեմատությամբ պետական բյուջեի պակասուրդի և Կառավարության պարտքի նվազում, որը հիմքեր է ստեղծել 2022-2026 թվականների պարտքի բեռի նվազեցման ծրագրի թիրախների իրականացման համար:

Բյուջեի պակասուրդը կկազմի 3.2 մլրդ դրամ: «Բայց, հաշվի առնելով հավելյալ ծախսերի պահանջը և ակնկալվող ծրագրերը, մենք նախատեսել ենք, որ նախկինում Լեռնային Ղարաբաղին ուղղվող աջակցության ամբողջ գումարը` 144 միլիարդ դրամը, դեֆիցիտից կբարձրանա վերև և կհայտնվի մեր ծախսերի մեջ` որպես աջակցություն մեր հայրենակիցներին: Դրա արդյունքում մենք մյուս տարի կունենանք 4.6 տոկոս դեֆիցիտ»,- ասել է նախարարը:

Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազումը հիմնականում պայմանավորվել է ՀՀ դրամի արժևորմամբ և ՀՆԱ իրական աճով: Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի 13.6 տոկոսային կետով նվազմանը 11 տոկոսային կետով նպաստել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժևորումը, 6.2 տոկոսային կետով` տնտեսական աճը, 1.8 տոկոսային կետով` իրական տոկոսադրույքի նվազումը, և 0.2 տոկոսային կետով` առաջնային պակասուրդը: Պետական բյուջեից զուտ վարկավորումը կազմել է ՀՆԱ-ի 1.7 տոկոսը:

«Կապիտալ ծախսերի 41 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին»,- ասել է Ֆինանսների նախարարը: Ըստ նրա` պաշտպանության ոլորտին հատկացնելու է 555 միլիարդ դրամ, ինչը 7 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին: Պաշտպանության ծախսերը համախառն ներքին արդյունքում կկազմեն 5.3 տոկոս:

Նշվել է նաև, որ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կկազմի 4,660 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.4 տոկոսը, իսկ 2024 թվականի տարեվերջին այն կկազմի 5,318 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 50.7 տոկոսը:

2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Կառավարության պարտքը կկազմի 5,082 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 48.4 տոկոսը և 2023 թվականի տարեվերջի համեմատությամբ ՀՆԱ-ի նկատմամբ կաճի 1.4 տոկոսային կետով: Կառավարության պարտքի սպասարկման ծախսերը (տոկոսավճարներ) կկազմեն ՀՆԱ-ի 3.1 տոկոսը:

«Կառավարությունն ամեն ինչ կանի` պահելով պարտքի մակարդակը 50 տոկոսից ցածր մակարդակում»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:

Նա կարևոր է համարել սոցիալական ոլորտի համար նախատեսված 755 միլիարդ գումարի հատկացումը, որը ՀՆԱ-ում կազմում է 7.2 տոկոս:

Ըստ նախարարի` 2024 թվականին մեծ թափով կշարունակվեն դպրոցաշինության ծրագրերը:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է` արդյո՞ք ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները կշարունակեն ստանալ ամենամսյա 50 հազար դրամ օգնությունը, եթե դառնան կենսաթոշակի շահառու:

Ի պատասխան նշվել է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նրանք կստանան նախատեսված այդ գումարները:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հետաքրքրվել է` ԼՂ-ի պետական ինստիտուտների պահպանման համար ֆինանսական միջոցներ արդյո՞ք նախատեսվել են:

Ի պատասխան` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է. «Լեռնային Ղարաբաղի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում և չի էլ լինելու»:

Իսկ Ֆինանսների նախարարը փաստել է, որ պետբյուջեում ավելացված գումարներն ուղղվելու են ԼՂ-ի բնակիչների թոշակների, կեցության և այլ սոցիալական խնդիրների լուծմանը:

Ի պատասխան Արթուր Խաչատրյանի բյուջետային ռիսկերի վերաբերյալ հարցին` Վահե Հովհաննիսյանը նշել է, որ բոլոր ռիսկերը գնահատված են, պահուստային ֆոնդում նախատեսվել են հստակ միջոցներ` ֆիսկալ խնդիրները չեզոքացնելու համար:

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը կարևոր է համարել է 2024 թվականին Կառավարության ծրագրերն ամբողջությամբ և որակով իրականացնելը: Ըստ նրա` 2024 թվականը լինելու է կապիտալ ծախսերի որակով իրականացման տարի:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանն անդրադարձել է նախնական քննարկումների ժամանակ պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը փաստել է, որ բոլոր առումներով 2024 թվականի բյուջեն բոլոր ժամանակների ամենամեծ պետական բյուջեն է:

Նա հանգամանալի անդրադարձել և կարևորել է աննախադեպ կապիտալ ծախսերի ավելացումը, ինչի իրականացումը տնտեսության զարգացման հիմնաքարն է:

Ըստ Գևորգ Պապոյանի` 7 տոկոս տնտեսական աճն իրատեսական է: Դրան հասնելու համար նա շեշտադրել է կապիտալ ծախսերի իրականացման որակի բարձրացումն ու բարեփոխումների նորմայի կատարումը:

Նա շեշտադրել է արդյունքային ցուցանիշների կարևորությունը և փաստել, որ գումարը պետք է դիտարկել որպես միջոց` հասնելու համար արդյունքային ցուցանիշների ապահովմանը:

Ըստ պատագամավորի` այսօր կատարված ներդրումներն ապահովելու են երկրի ապագա զարգացումը:

Նա անդրադարձել է սննդի արդյունաբերության խնդիրներին, կարևորել ոլորտի գործարանների ժամանակակից չափանիշներին համապատասխան տեխնիկական վերազինումը, ինչը հնարավորություն է միջազգային շուկա դուրս գալու համար:

Գևորգ Պապոյանն ընդգծել է նաև թափանցիկ գնումների գործընթացի կարևորությունը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկին` գնաճը համակողմանի կառավարելու համար: Կարևոր է համարվել պետական ծախսերի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացումը:

Անդրադառնալով հարկային արտոնություններին` պատգամավորը նշել է. «Որոշակի ոլորտներում հարկային արտոնություններն արդարացված չեն»: Անհրաժեշտ է համարվել վերանայել այդ արտոնությունները:

Մանրամասն քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակին:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին  ՀՀ պետական բյուջեում ԼՂ-ից բռնի տեղահանվածների թոշակների և նպաստների համար կավելացվի լրացուցիչ 30 միլիարդ դրամ:

Նշվել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծախսերը ներառված չեն 2024 թվականի պետական բյուջեի նախագծում, քանի որ ՀՀ կառավարությունը բյուջեն հաստատել էր սեպտեմբերի վերջերին` մինչ տեղահանությունը:

«Այդ օրերին մենք ժամանակ չունեինք, որ նոր ծրագրեր նախագծեինք, քանի որ հստակ պատկեր չկար մարդկանց քանակի և իրավիճակի վերաբերյալ: Այդ պատճառով մենք որոշեցինք, որ բյուջեի 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ կներկայացնենք այդ հավելյալ ծախսերը: Որպես նախնական տեղեկություն` ասեմ, որ 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ թոշակների ու նպաստների ծախսերը կներառենք, որը մեր կենսաթոշակային ծախսերը կավելացնի մոտ 30 միլիարդ դրամով»,- ասել է Ֆինանսների նախարարը:

Նա նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարությունում կհաստատեն «ՀՀ կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները, որն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կտա ԼՂ-ից տեղահանվածների թոշակները վճարել այն չափով, որքան իրենք ստացել են ԼՂ-ում:

Բացի այդ, ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին իրականացնել նաև աշխատունակ տարիքի մարդկանց համար վերապատրաստումների և աշխատանքի տեղավորման ծրագրեր, ինչպես նաև բնակարանային ապահովության ծրագրեր:

Ըստ նրա` այս ամենը մշակման փուլում է գտնվում: Վահե Հովհաննիսյանը նշել է` եթե չհասցնեն մինչև բյուջեի ընդունումն իրականացնել նախատեսված ծրագրերը, ապա այդ գումարները կնախատեսեն պահուստային ֆոնդում, որտեղից էլ տարվա ընթացքում հատկացումներ կլինեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում