ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Դաշինքի նոր ռազմավարությունը նպատակ ունի զսպել Չինաստանին եւ Ռուսաստանին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Դաշինքի նոր ռազմավարությունը նպատակ ունի զսպել Չինաստանին եւ Ռուսաստանին

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը պետք է ընդունվի 2021թ. Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովում, որի նպատակն է զսպել Չինաստանին եւ Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ պաշտպանության նախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի առցանց հանդիպման առաջին օրվա արդյունքներով ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին, ովքեր այս տարի կհավաքվեն գագաթաժողովին, առաջարկում եմ թարմացնել ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգը: Հավատում եմ, որ դրա ժամանակը եկել է: Մենք 2010 թվականից ունենք հայեցակարգ, այն շատ լավ է համապատասխանում մեր կարիքներին, բայց այսօր իրավիճակը փոխվել է: Օրինակ՝ այն հաշվի չի առնում ուժերի փոխհարաբերության փոփոխությունը եւ Չինաստանի վերելքը, կլիմայի փոփոխությունը: Մենք պետք է դա հաշվի առնենք նոր հայեցակարգում»,- ասել է նա:

Բացի այդ, ըստ Սթոլթենբերգի, հայեցակարգը պետք է հաշվի առնի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նոր մոտեցումը: «2010-ի հայեցակարգում մենք խոսում էինք Ռուսաստանի հետ գործընկերության մասին, բայց այդ ժամանակից ի վեր մենք տեսնում ենք ագրեսիվ գործողություններ մեր հարեւանների նկատմամբ, եւ իրավիճակը շատ է փոխվել: Հետեւաբար, մենք պետք է նորացնենք հայեցակարգը, վերահաստատենք մեր արժեքները եւ ամրապնդենք կապը Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի միջեւ»,- հավելել է նա:

Գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է քաղաքական երկխոսության հարթակ դառնա Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ հանդես եկող «դաշինքի երկրների հետ նույն կերպ մտածող պետությունների համար»:

«Մենք պետք է ավելի շատ օգտագործենք ՆԱՏՕ-ն` որպես խորհրդատվության եւ համակարգման հարթակ: Մենք պետք է ընդլայնենք քաղաքական եւ գործնական երկխոսությունը աշխարհում մեզ հետ նույն կերպ մտածող պետությունների համար, որպեսզի դիմակայենք նրանց, ովքեր չեն կիսում մեր արժեքները, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը»,- ասել է նա:

Սթոլթենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն պետք է վճարի Ռուսաստանի սահմանների մոտ իրենց ուժերը տեղակայելու իր անդամների ծախսերը, որպեսզի հետագա շարժառիթ լինի ավելի շատ ուժերի եւ ակտիվների տեղափոխմանը իր արեւելյան կողմ: «Պատճառներից մեկն այն է, որ ես հայտարարեցի ՆԱՏՕ-ի [Ռուսաստանի] զսպման եւ պաշտպանության գործողությունները ֆինանսավորելու անհրաժեշտության մասին, այն է, որ լրացուցիչ ռեսուրսներ հատկացնելով, մենք կարող ենք դրդել դաշինքի երկրներին ավելի շատ ռազմական ուժեր ուղարկել` արեւելյան թեւում տեղակայվելու համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ներկայումս ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցող բոլոր պետություններն ինքնուրույն են կրում դրա հետ կապված ծախսերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում