Անհայտ կորած անձանց խնդիրը խորապես մարդասիրական ճգնաժամ է. ՀՀ ԱԳ փոխնախարարի ելույթը

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում մասնակցել և ելույթով հանդես է եկել «Անհայտ կորած անձինք զինված հակամարտություններում․ պատասխանների որոնման խթանումը» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է, որ անհայտ կորած անձանց խնդիրը խորապես մարդասիրական ճգնաժամ է, որը հազարավոր ընտանիքների թողնում է անորոշության և տառապանքի մեջ։ Ընդգծել է, որ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկանալու իրավունքը հիմնարար է և պետք է ապահովվի ամենայն հրատապությամբ ու կարեկցանքով։ Հավելել է, որ քաղաքական նկատառումները չպետք է ստվերեն խնդրի մարդասիրական բնույթը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է անհայտ կորած անձանց խնդրի հասցերագրման գործում միջազգային գործընկերների հետ առկա համագործակցությունը և ընդլայնման հեռանկարները։ Այս համատեքստում կարևորվել է մասնագիտացված կառույցների հետ փորձառության և տեղեկության փոխանակումը՝ ուղղված անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման գործընթացների խթանմանը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի՝ անհայտ կորած և բռնի անհետացած անձանց խնդիրների հասցեագրման նպատակով ներառված դրույթներին՝ շեշտելով ճակատագրերի բացահայտման, մնացորդների որոնման և արդարության հաստատման հարցում համատեղ պատասխանատվության ընկալման և այս խնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցային մոտեցման կարևորությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է հարցի հրատապությունը և նշել, որ մարդասիրական խնդիրների հասցեագրումը՝ որպես առաջնահերթություն, կարող է հարթել հաշտեցմանը, արդարությանը և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը տանող ուղին։
Կարծիքներ