87 տարեկանում կյանքից հեռացել է իտալական կինոյի լեգենդներից Կլաուդիա Կարդինալեն

Կյանքի 87-րդ տարում մահացել է իտալական կինոյի ինքնատիպ դերասանուհիներից մեկը՝ Կլաուդիա Կարդինալեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է BBC-ն։
Կարդինալեն ծնվել է Թունիսում։ 1957 թվականին ճանաչվել է «Թունիսի ամենագեղեցիկ իտալուհի» և հրավեր ստացել մասնակցելու Վենետիկի կինոփառատոնին։ Դերասանական կրթություն ստացել է Հռոմի դրամատիկական դպրոցում, զուգահեռաբար հաճախել է պարի, գեղասահքի, իտալերենի դասերի, քանի որ ավելի լավ խոսել է օտար լեզուներով, քան մայրենի լեզվով։ Նկարահանվել է նշանավոր իտալացի ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելինիի և Լուկինո Վիսկոնտիի և այլոց ֆիլմերում։
Իտալական մամուլը նրան անվանել է «Հրաշագեղ փիսիկ»։ Կարդինալեն նկարահանվել է աշխարհի տարբեր կինոընկերությունների անվանի բազմաթիվ կինոնկարներում՝ Ալբերտո Կավալկանտիի «Վենետիկյան ամուսնություններ», Պիետրո Ջերմիի «Սպանություն իտալական ձևով», Մարիո Մոնիչելիի «Աղավնին» և «Միլանի գաղթականները», Լուիջի Ձամպայի «Դատավորը» և «Թռչող աղվեսը», Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ և կես», Ֆիլիպ դը Բրուկայի «Կարտուշ», Լուիջի Կոմենչինիի «Բուբեի հարսնացուն», Լուկինո Վիսկոնտիի «Հովազը» և «Սանդրա», Ռիչարդ Բրուկսի «Պրոֆեսիոնալները», Ֆրանկո Ձեֆիրելիի «Հիսուս Նազովրեցին» և այլն։ Կարդինալեն նշանակալի հաջողությունների է հասել նաև երգարվեստի բնագավառում և մեկ անգամ չէ, որ թողարկվել են նրա ձայնապնակները։
Կարդինալեն ծագումով հայ, ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում մարմնավորել է գլխավոր դերակատարուհուն։
Կարծիքներ