Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան
«Հոգևորականը չի կարող Հայաստանում պահպանել իր կարգավիճակը և լինել քաղաքական գործընթացի առաջնորդ»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե քաղաքական գործընթացներ սկսած Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի դեպքում կարող է առաջադրվել որպես ՀՀ վարչապետի թեկնածու։
Վերջինս նախ հիշեցնում է, թե ինչ է գրված ՀՀ Սահմանադրությունում եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին:
«Եկեղեցին անջատ է պետությունից, այն չպետք է խառնվի պետության գործերին, ինչպես՝ պետությունը եկեղեցու։ Այս համատեքստում այն անձը, որը զբաղվում է կամ ներգրավվում է քաղաքականության մեջ, պետք է եկեղեցուց համապատասխան գնահատականի արժանանա՝ կարգալույծ արվի: Անելիքը այժմ եկեղեցու դաշտում է։ Հետևաբար թե՛ Գալստանյանի հոգևորական լինելու հանգամանքը, թե՛ Կանադայի քաղաքացիություն ունենալը նրա համար խոչընդոտներ են, որպեսզի լինի վարչապետի թեկնածու»։
Այստեղ, ըստ Խալաթյանի, այլ հարց է, թե Բագրատ Գալստանյանը կցանկանա՞ հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից, իսկ այդ քայլին գնալու դեպքում պետք է պաշտոնապես հայտարարի, դիմի տեղի իշխանություններին, Կանադայից Հայաստան պատասխան ստացվի, որ վերջինս այլևս երկքաղաքացի չէ։
«Գուցե այն մարդիկ, որոնք նրա անունը առաջ են քաշել, տեղյակ չեն եղել, որ նա երկքաղաքացիություն ունի, կամ դա արվել է սպոնտան, պարզապես հայտարարություն, քանի դեռ որոշում չկա։ Բոլոր դեպքերում Սահմանադրությունը հստակ փակում է վարչապետի թեկնածուի դուռը նրա համար։ Իսկ ով նրան առաջադրի այդ պաշտոնում, թույլ է տալու Սահմանադրական կարգի տապալում։ Դա տարրական գիտելիք է, որը խորհրդարանական ընդդիմությունը պետք է ունենա։ Մի բան հստակ է՝ ժողովուրդը չի ուզում վերադարձնել ոչ լեգիտիմ հոռի բարքերը, որոնք դադարեցրել է 2018 թվականին»,- ասում է նա։
Դիտարկմանը՝ կաթողիկոսը, սատարելով վերջինիս և օրհնելով այս շարժումը, արդեն իսկ չի՞ խախտել ՀՀ Սահմանադրությունը, իրավագետը նկատում է՝ Մայր Աթոռը այդ կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, բայց ուղիղ կերպով դեռ չի ասել, որ նախաձեռնությունը քաղաքական է։
Ըստ նրա՝ եթե նման հայտարարություն լինի, Սահմանադրական կարգի տապալում կհամարվի․ «Եթե կաթողիկոսը մտնի քաղաքական դաշտ, եկեղեցին ընդունի սա, շատ լուրջ իրավիճակ կլինի երկրում։ Հայաստանը աշխարհիկ պետություն է, ու նրա Սահմանադրական կարգը աշխարհիկ ժողովրդավարական, իրավական պետության կարգ է։ Եթե եկեղեցին իրեն դնի Սահմանադրությունից դուրս, խորը ճգնաժամ կլինի։ Այդ դեպքում պետությունը պարտավոր է օր առաջ վերականգնել Սահմանադրական կարգը՝ օրենքով իրեն վերապահված բոլոր գործիքակազմերով»։
Խալաթյանն ասում է՝ ըստ էության՝ եկեղեցին էլ ընտրություն պետք է անի՝ սատարո՞ւմ է Բագրատ Գալստանյանին, թե՞ մնում է սահմանադրական իր առաքելության շրջանակում։ Ըստ զրուցակցի՝ Գալստանյանը, եթե կարգալույծ էլ չարվի, մարդկանց շրջանում այլևս չի կարող ընկալվել որպես հոգևորական։
«Հոգևորականը նախ ներկայացնում է Տավուշի թեմը, հոտը, և նրա համար չպետք է լինի քաղաքական բաժանարար գծեր, սա արդեն իսկ Գալստանյանը խախտել է, հետևաբար չի կարող մնալ հոգևորական։ Բոլոր դեպքերում հանրային վերաբերմունքը այլևս նախկինը չի լինի: Եթե եկեղեցին չի ցանկանում տարանջատվել Գալստանյանից, ապա նույն վերաբերմունքը նաև նրանց նկատմամբ է լինելու, որքան էլ եկեղեցու դերը անգնահատելի լինի և ամրագրված Սահմանադրությամբ»,- ընդգծում է նա։
Կարծիքներ