Հնդկաստանի նոր ծրագիրը՝ նոր հնարավորություն մեզ համար. Հնդկական օվկիանոսը Եվրոպայի հետ կապող միջանցքը՝ ՀՀ տարածքով
Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: Ինչպես հայտնում է իրանական Khabaronline լրատվամիջոցը, այս մասին նշել է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան:
«Մենք ծրագրում ենք միացնել Չաբահարի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Հելսինկիի հետ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը»,- նշել է դեսպանը:
Իրանում Հնդկաստանի դեսպանը հավելել է, որ Նյու Դելին ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստը:
Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ Հնդկաստանը դեռ վաղուց է նման մտադրություն ունեցել, բայց դրա իրագործումը քիչ հավանական է: «Հիմա կարծես նորից խոսակցություններն ակտիվացել են։ Երբ խոսում են այն մասին, որ պետք է անցնի Հայաստանի տարածքով, հավանաբար նկատի է առնվում Նախիջևանի հատվածը, մյուսն էլ կգնա Միջին Ասիա։ Չաբահարն այդքան էլ բանուկ նավահանգիստ չէ։ Հնարավոր է հետագայում, երբ ճանապարհ կառուցվի՝ ավելի ակտիվանա, բայց դա մոտ ապագայի հարց չեմ համարի ու այդքան էլ լավատես չեմ այս առումով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Բեգիջանյանը շարունակեց. «Մենք սովորություն ունենք փոքր բաները մեծացնելու, խոսում էինք Իրանի՝ ԵԱՏՄ անդամակցության մասին, բայց մեծ ոգևորության կարիք չկա։ Հիմա նույնն էլ այս դեպքն է, շատ «եթե»-ներ է պարունակում։ Անկեղծ ասած ՝ Հայաստանի պարագայում լավատեսության շատ հիմքեր չկան»։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ ճանապարհի հիմնական հատվածը հենց Իրանով է անցնելու. «Դուք գիտեք, որ Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը վերցրել է երկարաժամկետ վարձակալության և այնտեղ միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարել, որպեսզի այդ նավահանգստի միջոցով, շրջանցելով Պակիստանը, կարողանա ապրանքներ արտահանել Իրան ու Մերձավոր Արևելքի երկրներ։ Այժմ ճանապարհի հիմնական ուղին անցնելու է Իրանով»։
Վարդանյանը նաև ընդգծեց, որ երկար ժամանակ քննարկումներ են ընթացել Ադրբեջանի տարածքի հետ կապված. «Բայց վերջին ժամանակաշրջանում Ադրբեջան-Պակիստան հարաբերությունները խորացել են, և Ադրբեջանը քաղաքական հարցերում բացահայտ աջակցություն է ցուցաբերում Պակիստանին, այդ թվում նաև՝ Քաշմիրի հարցում։ Հավանաբար հենց սրանով էլ պայմանավորված՝ Հնդկաստանն ուզում է, որ Հայաստանի տարածքով անցնի։ Ամեն դեպքում սա ամենամոտ ու ամենահարմար ճանապարհն է Եվրոպա հասնելու համար»։
Ինչ վերաբերում է Հայաստանի առջև բացվող հնարավորություններին, մեր զրուցակիցը նկատեց. «Հայաստանը կարող է իր տարածքներով անցնող բեռնատարներից վճարներ գանձել։ Բացի այդ էլ՝ ցանկացած երկրի տարածքով էլ տրանսպորտային ուղու անցնելը տնտեսական տեսանկյունից ձեռնտու է։ Ճանապարհների առևտուրն է զարգանում, ֆինանսական մուծումներ են կատարվում տվյալ երկրի բյուջե։ Պատահական չէ, որ շատ երկրներ պայքարում են, որ հենց իրենց տարածքով անցնի։ Ադրբեջանն էլ շատ մեծ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ»։
Կարծիքներ