Մեզ համար շատ ցանկալի է, որ ԼՂ պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում. Արման Սարգսյան
«Այս պահին ՀՀ սահմաններին իրավիճակը հարաբերականորեն կայուն է»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ հավելելով, որ ՊՆ-ն ուշի ուշով հետևում է իրավիճակի փոփոխությանը, դինամիկային, և որևէ փոփոխության դեպքում անմիջապես կիրազեկեն հանրությանը:
Փոխնախարարը հրաժարվեց մանրամասնել, թե սահմանների ո՞ր ուղղությամբ է Ադրբեջանը զորքեր կուտակել։
«Այս պահին չեմ ցանկանա ասել լրացուցիչ տեղեկատվություն: Կխնդրեմ բավարարվել վերջին շրջանում մեր հրապարակած տվյալներով: Չպետք է մոռանանք, որ Հայաստանը Ադրբեջանի հետ գրեթե ամբողջ սահմանագծով հայտնվել է սահմանային գոտում, ու եթե կուտակումներ լինում են, ապա վերաբերում է բոլոր հատվածներին. մի տեղ՝ ավել, մի տեղ՝ պակաս, մի տեղ՝ մի զինատեսակ ավել, մի տեղ՝ պակաս: Կարևորը՝ այս պահին վիճակը հարաբերականորեն կայուն է, ու այս պահին լարման միտում չի նկատվում»,- ասաց Արման Սարգսյանը։
Վերջինս նաև նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության համար շատ ցանկալի է, որ ԼՂ պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության անցնեն ՀՀ ՊՆ-ում։
«Որովհետև իրենք մեր հայրենակիցներն են, իրենց փորձը, զինվորական գիտելիքները ծառայեցնեն ՀՀ ԶՈՒ-ին: Այդ առումով մենք ուսումնասիրություն պետք է իրականացնենք, ու նրանք, ովքեր ցանկություն կունենան ընդգրկվելու ՀՀ զինված ուժերում ծառայության, ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռվի»,- վստահեցրեց նա:
Կարծիքներ