Երևանի տարբեր վարչական շրջաններում կտնկվի մոտ 4 հազար ծառ
Երևանում բարեկարգման, կանաչապատման աշխատանքների մեկնարկը տրված է: Ձնհալից հետո առաջնահերթ կատարվում է կանաչ գոտիների մաքրումը տերևներից, ճյուղերից, կենցաղայի աղբից, այնուհետև նախատեսված է ծառերի էտը:
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արա Աղայանը տեղեկացրեց, որ գույքագրման արդյունքների համաձայն, այս տարի գարնանը պետք է էտվի մոտ 10 հազար ծա:
«Տեղի է ունենում նաև մեր կողմից գույքագրված չոր և անկենսունակ ծառերի հատումը, որոնք վտանգ են ներկայացնում: Այս տարի գույքագրվել է մոտ 400 այդպիսի ծառ և առաջիկա ամիսներին դրանք կհատվեն: Էտին զուգահեռ իրականացվում է ծառերի, թփերի, ծաղիկների տունկը: Ասեմ, որ մեր կողմից այս տարի պլանավորված են մեծ ծավալի սիզամարգերի բարեկարգման ու հիմնման աշխատանքներ: Պլանավորել ենք մոտ 70 հազար քմ նոր սիզամարգերի հիմնում, մոտ 4 հազար ծառի, մոտ 80 հազար թփի, 300 հազար ծաղկի տնկում Երևանի բոլոր վարչական շրջաններում»,- ասաց Արա Աղայանը: Նրա խոսքով՝ այս տարի գնումների շրջանակում ներառել են այն ծառատեսակները, որոնք ծաղկման շրջանում առավել գեղեցիկ են: Դա ուղղված է Երևանի կանաչ դիմագծի փոփոխությանը:
«Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչու մեծամասշտաբ ծառատունկ չենք իրականացնում: Ասեմ, որ մենք կարող ենք ավելի շատ ծառ տնկել, բայց ծառատունկն ենթադրում է մի քանի տարի տևող բարդ միջոցառումների համալիր ու համապատասխան հնարավորություններ: Օրինակ, ճիշտ բույսի ընտրություն, գրունտի ստուգում, տեղանքի ճիշտ ընտրություն, այնուհետև գրագետ տունկ, ծառի հետագա խնամք, ոռոգման համակարգի առկայություն և այլն: Մենք ծառատունկի համար ընտրում ենք այնպիսի համայնքներ, որտեղ կա համապատասխան գրունտ: Մեր հիմնական խոչընդոտը սևահողի պակասորդն է, առանց որի մեծածավալ ծառատունկ չենք կարող անել: Հետևաբար, այսօր անում ենք այնքան ծավալի ծառատունկ, որ երաշխավորված լինեն արդյունքները, կորուստ չունենաք»,-ասաց Արա Աղայանը:
Այս տարվա համար նախատեսված նոր ծառերը նախ տնկվելու են փողոցների այն հատվածներում, որոնք դատարկ են, այնուհետև այգիներում, կանաչ գոտիներում:
Կարծիքներ