Առաջին անգամ մշակվել է կոշտ թափոնների կառավարման մոդելավորման համակարգ

Առաջին անգամ մշակվել է կոշտ թափոնների կառավարման մոդելավորման համակարգ

«Կոշտ կենցաղային թափոնների քարտեզագրում» (Mapping Municipal Solid Waste ASI029) ծրագրի շրջանակում ստեղծվել է GIS-ի վրա հիմնված ու վեբ-ցանցային հավելվածով կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգչային գործիք։ Այն հնարավորություն է տալիս, յուրաքանչյուր բնակավայրի համար մուտքագրելով տվյալները, հաշվարկել և առաջարկել աղբահանության գործընթացների օպտիմալ մոդել՝ աղբահանության արդյունավետ երթուղիներով, աղբի հավաքման, կուտակման, տեղափոխման, տեսակավորման և հեռացման համար։ Համակարգը թույլ է տալիս տվյալ համայնքի համար ծախսարդյունավետության տեսանկյունից աղբահանության ամենաարդյունավետ մոդելը ընտրել։

Ծրագրի իրականացման համար  ընտրվել է հանրապետությունում քարտեզագրման և GIS համակարգերի կիրառման բավականին մեծ փորձ ունեցող «Գոեռիսկ» ՍՊԸ-ն և համապատսխան փորձագետներ։ 

Այսօր նախարարությունում ընկերության մասնագետները ներկայացրել են ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքները և առաջարկվող մոդելները։

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կարևոր խնդիրներից է համարել  հանրապետությունում աղբահանության պատշաճ կազմակերպումը և այս համատեքստում ընդգծել է այդ աշխատանքների բարելավմանը միտված նման գործիքների կիրառումը։ Նրա խոսքով՝  մասնավորապես, այս մշակված համակարգի ներդրումը համայնքներում ակնհայտորեն կբարելավի արդեն իսկ իրականացվող աղբահանության աշխատանքների ավելի ծախսարդյունավետ կազմակերպումը։ Վ․ Տերտերյանը  նշել է, որ ծրագիրը պետք է շարունակական լինի և փորձնական կիրառման ճանապարհով ընդարձակվի այլ համայնքներում ևս։

Որպես փորձնական համայնքներ՝ ընտրվել են Արարատի մարզի Գոռավան, Լոռու մարզի Ստեփանավան գյուղական և քաղաքային համայնքները և Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքը։ «Գոեռիսկ» ընկերության մասնագետների խոսքով՝ դաշտային աշխատանքների շրջանակներում հավաքվել են բոլոր անհրաժեշտ տվյալները, կատարվել են նշված համայնքներում աղբի բաղադրության ուսումնասիրություններ, ստեղծվել է շտեմարան ընտրված պիլոտային բնակավայրերի համար, և կազմվել են աղբահանության մոդելներ։ Մշակվել է նաև գործիքի կիրառման ուղեցույցը, և կազմակերպվել են դասընթացներ պիլոտային համայնքներում։

Քննարկման ընթացքում առաջարկվել է մշակված գործիքն առաջիկայում փորձնական կիրառել ևս 6-7 համայնքում, իսկ ամբողջական ներդնել Ստեփանավան քաղաքում։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրակմամբ և համակարգմամբ՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեշնլ» (Management Systems International (MSI)) ընկերության տեխնիկական աջակցությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում