ԱԺ մի խումբ պատգամավորներ այցելել են Սյունիք
Այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Գագիկ Մելքոնյանը, Արփի Դավոյանը, Կարեն Համբարձումյանը և Վահագն Ալեքսանյանը այցելել են Սյունիք։ Այդ մասին տեղեկացրել է Վահագն Ալեքսանյանը։
«Նախ Գորիսում մասնակցեցինք 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Էյներ Տատինցյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացմանը։
Այցելեցինք Սահմանապահ զորքերի հենակետերից մեկը, տեղում ծանոթացանք զինծառայողների ծառայության պայմաններին, արձանագրեցինք առկա խնդիրները։
Տաթև-Աղվանի հատվածում ծանոթացանք Կապան տանող այլընտրանքային ճանապարհի կառուցապատման աշխատանքներին, պիտի ասեմ, որ ահռելի աշխատանք արդեն կատարվել է և շատ շուտով ճանապարհն ամբողջությամբ պատրաստ կլինի։
Օրվա վերջում մոմ վառեցինք Տաթևի վանքում, որտեղ և արվել է լուսանկարը»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Կարծիքներ