Ֆրանսիայի եւ Հայաստանի հարբերությունները հենվում են ամուր զգացմունքային հենքի վրա. Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցը

Ֆրանսիայի եւ Հայաստանի հարբերությունները հենվում են ամուր զգացմունքային հենքի վրա. Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցը

Ներկայացնում ենք Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի` NEWS.am-ին տված հարցազրույցը:

Հարց, որը վերջերս մտահոգում է բոլորիս` նոր կորոնավիրուսի համաճարակն ու դրա հետեւանքները։ Ի թիվս այլ երկրների, Ֆրանսիան օգնության ձեռք մեկնեց Հայաստանին։ Պատմե՛ք, խնդրեմ, Հայաստանում ֆրանսիացի բժիշկների առաքելությունների եւ վարակի դեմ պայքարում Ֆրանսիայի փորձի մասին։

Իրականում ֆրանսիական բուժանձնակազմերի երկու առաքելությունները Հայաստան են ժամանել ՀՀ իշխանությունների հրավերով, որոնք էլ ապահովել են սույն առաքելությունների կայացումն ու կազմակերպումը։

Մենք կապի մեջ ենք եղել Առողջապահության նախարարության եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ եւ, ի պատասխան ՀՀ Կառավարության խնդրանքի, Ֆրանսիան հոգացել է երկրորդ պատվիրակության տեղաշարժի եւ կեցության ծախսերը։

Ինչպես ասված էր Ֆրանսիայի Հանրապետության նախագահի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած նամակում, համավարակը պետք է համագործակցության եզակի առիթ հանդիսանա` պայքարելու համաճարակի եւ դրա հետեւանքների դեմ։ Հանրապետության նախագահն այսպիսով արտահայտել է իր համերաշխությունն ու հավաստիացրել Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամության մեջ։

Ֆրանսիան մասնավորապես առաջարկում է տրամադրել պետական քաղաքականության վարկ` ամրապնդելու ճգնաժամերին դիմագրավելու Հայաստանի կարողությունները եւ օգնելու վերջինիս բարեփոխել իր առողջապահության ու սոցիալական պաշտպանության ոլորտները եւ պայքարել կլիմայական փոփոխությունների հետեւանքների դեմ։

Մեր տեղեկություններով Ֆրանսիայի դեսպանությունը վերսկսել է երկարաժամկետ վիզաների տրամադրման գործընթացը։ Կա՞ն արդեն հայատադիմում ներկայացնողներ։ Հայտնի է, թե դեսպանությունը ե՞րբ կվերսկսի Շենգենյան կարճաժամկետ արտոնագրերի տրամադրման գարծընթացը։ Հավանաբար դա կախված կլինի սահմանների բացումից եւ ավիափոխադրումների վերականգնումից։

Իրականում, դեսպանության արտոնագրային ծառայությունը ս.թ. հունիսի 30-ից աստիճանաբար վերսկսել է իր գործունեությունը։ Նեկա պահին, ընդունվում են միայն ուսման, ընտանեկան եւ մասնագիտական նպատակներով երկարաժամկետ վիզայի դիմումները, ինչպես նաեւ Ֆրանսիա վերադարձի արտոնագրերի դիմումները։

Շենգենյան կարճաժամկետ արտոնագրերի տրամադրումը դեռեւս կասեցված է` հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն ընդգրկված չէ այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիներն իրավասու են մուտք գործել ԵՄ տարածք։ Արտոնագրային ծառայության գործունեության բոլոր տեսակների վերսկսման մասին կհրապարակենք մեր կայքում եւ մեր սոցիալական ցանցերի միջոցով։

Հուսանք իրավիճակը շուտով կբարելավվի, եւ մենք բոլորս` ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում, ակնկալում ենք մեր երկու երկրների միջեւ ճամփորդությունների վերսկսումը։

Իրավիճակն ազդել է արդյո՞ք մարդասիրական, մշակութային եւ կրթական ծրագրերի կայացման վրա։ Ինչպե՞ս են անցկացվել ընդունելության եւ ավարտական քննությունները Հայաստանի ֆրանսիական համալսարանում, փոխվել են արդյո՞ք դրանք այս տարի։ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է։ Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է Հայաստանում իրավիճակը ֆրանսերենի ուսուցանման մակարդակի առումով։

Իրավամբ, Հայաստանում ճգնաժամն սկսվեց հենց Ֆրանկոֆոնիայի սեզոնի մեկնարկի ժամանակ։ Սեզոն, որը մշտապես սպասված է հանդիսատեսի կողմից եւ որի համար այս տարի նախատեսել էինք Ֆրանկոֆոն ֆիլմերի 4-րդ փառատոնը, ֆրանսերեն լեզվի մրցույթ, ֆրանսախոս թատրոնի դպրոցական փառատոն եւ թատերական շրջագայություն Հայաստանով։ Ս.թ. մարտի 13-ին Երեւանի ֆիլհարմոնիայի դահլիճում դիրիժոր եւ Փարիզի Երաժշտության եւ պարարվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիայի նախկին տնօրեն Բրունո Մանտովանիի ղեկավարած համերգը պետք է նշանավորեր սեզոնի բացումը։ Իրականում այն եղավ  Հայաստանում հանրային վերջին մշակութային միջոցառումը։

Այս համատեքստում, մեր դեսպանությունը մոբիլիզացվեց, որպեսզի հայ հանրության համար ապահովի տնից ֆրանսիական մշակույթի հասանելիությունը։ Այսպիսով, մենք ապրիլի 20-ից հուլիսի 14-ը « La culture française en Arménie » (www.facebook.com/culturefrance.am) մեր ֆեյսբուքյան էջում կազմակերպեցինք «#BarevlaFrance» խորագիրը կրող ամբողջովին հեռահար մշակութային սեզոն։ Ամեն շաբաթ հանդիսատեսի ուշադրությանն ենք ներկայացրել առցանց անվճար հասանելի մշակութային միջոցառումների ընտրանի` կինոփառատոններ, թատերական ներկայացումներ, պատմական ֆիլմեր, ինչպես նաեւ հատուկ այս սեզոնի համար պատրաստված միջոցառումներ` բաղադրատոմսեր մեր շեֆ խոհարարի կողմից, հայերեն ենթագրերով երկու թատերական պիես, համերգներ Երաժշտության տոնի եւ հուլիսի 14-ի առիթով, ֆրանս-հայկական մշակութային աշխարհի նշանավոր գործիչների բացառիկ հարցազրույցներ։ Ընդհանուր առմամբ, սեզոնի շրջանակում երկու լեզուներով հրապարակումներն ունեցել են 178 000 դիտում։ Ֆեյսբուքյան էջի հետեւորդների թիվն այսպիսով ավելացել է 25 %-ով։

Դրանից զատ, Թբիլիսիում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ, ս.թ. մայիսի 13-ին կազմակերպեցինք ուսանողական հեռահար հանդիպում` հայ եւ վրացի ուսանողներին ներկայացնելու ֆրանսիական կրթական առաջարկը Ֆրանսիայում, Հայաստանում եւ Վրաստանում։

Եթե այս ժամանակահատվածը մեզ թույլ չի տվել առերես հանրային մշակութային միջոցառումներ իրականացնել, ես, այնուամենայնիվ, ցանկացել եմ խիստ սահմանափակ շրջանակում անցկացվող արարողությունների ընթացքում Ակադեմիական արմավներ շքանշանները հանձնել կրթության ոլորտի երկու ներկայացուցչի` Գյումրու թիվ 10 ֆրանսիական դպրոցի նախկին տնօրեն պարոն Մարտին Փաշայանին եւ Երեւանի Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի տնօրեն տիկին Գոհար Գրիգորյանին։

Ինչ վերաբերում է կրթական ծրագրերին, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը եւ Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրը հեռավար ապահովել են դասավանդման շարունակականությունը։ Հայկական Ալիանս ֆրանսեզի ուսանողները եւս շարունակել են հեռավար ուսուցումը։ Ցանկանում եմ ողջունել ֆրանսերեն ուսուցանող Հայաստանի դպրոցների, համալսարանների եւ ասոցիատիվ հաստատությունների բոլոր դասավանդողների աշխատանքը, այս ընթացքում իրենց ունեցած ներդրման համար։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս տարի Հայաստանում ֆրանսիական համալսարանն ընդունելության քննությունների համար ունեցել է բացառիկ թվով դիմորդներ, ինչը հաստատում է մեր կրթական համակարգի գրավչությունը եւ ինչը նկատելի է դարձնում նաեւ տարիներ շարունակ ֆրանսիական կրթհամալիրի աշակերտների թվի աճը։ Ի դեպ, այս տարի Ֆրանսիական համալսարանը քսան տարվա կտրվածքով գրանցել է Լիսանսի (բակալավր) համար դիմորդների չափազանց մեծ, ռեկորդային թիվ։ Ֆրանսիական համալսարանի Իրավունք, Կառավարում, Շուկայագիտություն, Ֆինանսներ ու Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա 5 ֆակուլտետների համար դիմել են 672 երիտասարդ։ Քննություններն անցկացվել են համաձայն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սահմանած կարգի` խստիվ պահպանելով սանիտարական պահանջները։ Յուրաքանչյուր ֆակուլտետի համար անցկացվել է մեկ եւ բազմառարկայական քննություն` այսպիսով նվազագույնի հասցնելով թեկնածուների կուտակումները։ Քննությունների արդյունքում 638 դիմորդ ընդունվել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան։

2012թ.-ից Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է, եւ ջերմորեն ենք հիշում 2018թ.-ի հիանալի գագաթնաժողովը։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի ստորագրած լեզվական համաձայնագիրը նախատեսում է պարտավորություններ երկրում ֆրանսերենի զբաղեցրած տեղի զարգացման առումով։ Ի նպաստ ֆրանկոֆոնիայի Հայաստանի հանձնառության լավագույն դրսեւորում է հուլիսի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հրամանագիրը նախկին թիվ 16 դպրոցի շենքն անհատույց տրամադրելու մասին, որը հենց գալիք ուսումնական տարվանից կհյուրընկալի Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրի սաներին։

Բացի այդ, Ֆրանսիայի դեսպանությունը սատարում է Հայաստանում ֆրանսերեն լեզվի դասավանդումը երկու ծրագրերի միջոցով` 2013թ.-ից ի վեր Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի երկլեզվյա ուսուցման բաժին,  2012թ.-ից Հայաստանի տասնմեկ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիր` կոչված է՛լ ավելի ընդլայնվելու 2020 եւ 2021թթ. Իլ-դը-Ֆրանս շրջանի աջակցության շնորհիվ։ Ֆրանսերեն դասավանդողների տարեկան համաժողովի անցկացումը եւ Ֆրանսիայում վերապատրաստման կրթաթոշակների տրամադրումը եւս ոլորտում սույն դեսպանության գործողությունների մասն են կազմում։ Վերջապես, խրախուսում ենք ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը, որոնք կանգնած են Հայաստանում ֆրանսերենի անվճար ուսուցում առաջարկող մոտ տասներկու ասոցիատիվ կենտրոնների հիմքում։

Գաղտնիք չէ, որ հայերն առաձնահատուկ զգացմունքներ են տածում Ֆրանսիայի հանդեպ։ Իսկ որքանո՞վ է Հայաստանը գրավիչ ֆրանսիացիների համար։

Իսկապես, մեր երկու երկրների եւ մեր երկու ժողովուրդների հարաբերությունները գտնվում են զգայական ամուր հարթության վրա։

Հայաստանն, անշուշտ, գրավիչ է ֆրանսիացիների համար` լինի դա զբոսաշրջության առումով, քանի որ երկիրը հարուստ է բնապատկերներով եւ մշակութային ժառանգությամբ, ինչպես նաեւ խոհանոցի, նաեւ գործարարության առումով, քանի որ Հայաստանը կարող է ելք հանդիսանալ դեպի եվրասիական շուկա ։ 

Մեկ անձնական հարց։ Դուք ամենահաղորդակցվող, սոցիալական ցանցերում ակտիվ դիվանագետներից մեկն եք։ Ի՞նչ հաճախականությամբ են անծանոթ մարդիկ Ձեզ գրում եւ ի՞նչ հարցով։ Ի՞նչ հաջողություններ ունեք հայերենի ուսուցման մեջ։

Մարդիկ ինձ գրում են ամեն օր, հիմնականում հյուպատոսական հարցերով։ Ուստի ես նրանց ուղղորդում եմ դեպի Հյուպատոսություն, որն ունի սեփական հասցեն եւ 24 ժամվա ընթացքում ստույգ պատասխաններ է տալիս հարցադրումներին։

Ընդհանուր առմամաբ, հաղորդագրությունների տոնայնությունը շատ դրական է, հատկապես, որ իմ հանդուրժողականությունը թշնամական ուղերձներին խիստ սահմանափակ է։

Հայերեն ուսանելու առումով առաջադիմում եմ ։ Մեկուսացման հետեւանքներից մեկն էլ այն է, որ ավելի շատ ժամանակ եմ ունեցել առաջ գնալու համար։ Չեմ կարող հավակնել, թե խոսում եմ հայերեն, բայց հետաքրքրվում եմ լեզվի կառուցվածքով, որը որեւէ այլ լեզվի հետ համեմատելի չէ։ Նաեւ շատ եմ կարդացել հայ գրականություն (թարգմանված) եւ կտրել-անցել երկիրը` հաճախ ծանոթ արահետներից անդին։ Երբ հետաքրքրվում եք Հայաստանով, պետք է լինել համեստ, քանի որ առնչվում եք հինավուրց եւ բարդ քաղաքակրթության հետ, սակայն յուրաքանչյուր ջանք հատուցվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում