Վահան Քերոբյանը հանդիպել է IEO տնտեսագիտության միջազգային օլիմպիադայում մեդալներ նվաճած հայ դպրոցականներին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Միջազգային տնտեսագիտության օլիմպիադայում (IEO) մեդալներ նվաճած 4 հայ դպրոցականների, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի (BISA) ուսումնական գծով տնօրեն Արևիկ Եզեկյանի և օլիմպիադայում հայկական թիմի ղեկավար, BISA տնտեսագիտության ուսուցիչ Շավարշ Զոհրաբյանի հետ։
Այս տարի Հայաստանն առաջին անգամ է միացել այս խոշորագույն օլիմպիադային, որին մասնակցել է 46 երկրի ներկայացուցիչ։ Հայ դպրոցականները նվաճել են 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ գրավելով թիմային 12-րդ տեղը:
IEO օլիմպիադան անց է կացվել 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը: Այն ամենամյա մրցույթ է՝ նախատեսված միջնակարգ դպրոցի մակարդակի աշակերտների համար: IEO-ի անունից օլիմպիադայի հայաստանյան մասնակիցներին ընտրելու իրավունքը վերապահվել է Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցին:
«Կարևոր եմ համարում նման միջազգային օլիմպիադաներին Հայաստանի մասնակցությունը և տնտեսագիտությունը, որպես առարկա, ավագ դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելը», – նշել է Վահան Քերոբյանը:
Հանդիպման ընթացքում հայկական թիմի ղեկավար Շավարշ Զոհրաբյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի օլիմպիադան նախատեսվում է կազմակերպել Չինաստանի Շանհայ քաղաքում և ցանկություն կա, որպեսզի հայ դպրոցականներն այս անգամ ևս իրենց ակտիվ մասնակցությունն ունենան այս օլիմպիադային։ Վահան Քերոբյանը վստահեցրել է, որ իր կողմից ամեն կերպ պատրաստ է աջակցել հաջորդ օլիմպիադայում Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար։
Այնուհետև դպրոցականները ներկայացրել են իրենց թիմային աշխատանքը՝ էլեկտրոմոբիլի արտադրության բիզնես ծրագիրը։ Դպրոցականները խոստացել են փոխանցել իրենց աշխատանքը Էկոնոմիկայի նախարարությանը՝ Հայաստանում էլեկտրոմոբիլների հնարավոր արտադրության համար դիտարկելու նպատակով։
Նախարարը դպրոցականներին նվիրել է վարքագծային տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Կահնեմանի «Մտածիր դանդաղ, որոշում կայացրու արագ» գիրքը և նախարարության կողմից իրականացվող Made in Armenia տեղեկատվական արշավի շրջանակում հատուկ պատրաստված հայկական արտադրության նվերների հավաքածու։
Կարծիքներ