Բաքոյանն առաջարկում է օրենքով բարձրացնել ամուսնության տարիքային շեմը
ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
նախատեսում եմ օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով։ Հաշվի առնելով, որ Խորհրդարանում հանդիսանում եմ եզդի համայնքի ներկայացուցիչ, ստանում եմ ահազանգեր հատկապես եզդիների շրջանում վաղ տարիքում ամուսնության դեպքերի վերաբերյալ։
Հարկ եմ համարում արձանագրել, որ խնդիրը համատարած բնույթ է կրում՝ վաղամուսնության բազմաթիվ դեպքեր կան նաև հայերի շրջանում։
ՀՀ գործող օրենսդրության համաձայն ամուսնության տարիքը 18 տարեկանն է։ Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:
Հաշվի առնելով, որ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներից է նաև երեխայի իրավունքները և ազգային փոքրամասնությունները, կարևորելով յուրաքանչյուրի կրթության, առողջության պահպանության իրավունքը, հիմք ընդունելով նաև ամուսնանալու ազատությունը՝ սույն թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 սրահում կազմակերպում եմ քննարկում իրավասու օղակների, եզդի համայնքի ներկայացուցիչների, ոլորտային հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ»:
Կարծիքներ