Նախարարի տեղակալը կոչ է արել ակտիվ մասնակցել մշակութային կրթության տարվան
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոց, որտեղ մասնակցել է ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը:
Դանիել Դանիելյանը շնորհավորել է ներկաներին՝ տեղեկացնելով, որ այս տարին նախարարությունը հայտարարել է՝ որպես մշակութային կրթության տարի: «Սա նշանակում է, թե որքանով է պետությունը կարևորում մշակութային կրթությունը, և մշակույթն ու արվեստը որքան կարևոր բաղադրիչ են կրթության ոլորտում: Չկա կրթություն՝ առանց մշակույթի և արվեստների, և հակառակը՝ չկա մշակույթ՝ առանց կրթության: Այս մասնագիտացված դպրոցի տանիքի ներքո տասնամյակներ շարունակ կրթվել են մեր լավագույն երաժիշտները, և սա ևս մեկ առիթ է՝ հիշեցնելու, որ պետք է անխոնջ աշխատել կրթության ուղղությամբ՝ ունենալու նոր խաչատրյաններ, նոր բաբաջանյաններ և նոր անուններ՝ մեր երկրի մշակույթը հզորացնելու և հանրահռչակելու համար»:
Նախարարի տեղակալն առանձնահատուկ շնորհավորել է առաջին դասարանցիներին. «Դպրոցն այն վայրն է, որը հաճախ անվանում ենք երկրորդ տուն, և հենց այստեղ եք դուք ձեռք բերում գիտելիքներ, այստեղ դուք ունեք բազմիցս սխալվելու իրավունք, ապա վեր կենալու և շարունակելու ձեր անձնական ու պրոֆեսիոնալ կյանքի պատմությունը»:
Դանիել Դանիելյանը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին և ծնողներին՝ ներդրած ջանքերի և նվիրյալ աշխատանքի համար: «Հարգելի՛ ուսուցիչներ, վստահ եմ, որ երբեմն քաջալերության կարիք ունեք, սակայն մոռանում եք ինքներդ ձեզ և ոտքի եք կանգնում՝ կերտելու այն քաղաքացուն, որը ձեզ վստահել է իր երեխայի կրթությունը:
Սիրելի՛ ծնողներ, շատ կարևոր և առաջնային է նաև ձեր դերը, առանց որի՝ հնարավոր չէ կրթել լավ աշակերտ և դաստիարակել գիտակից քաղաքացի»:
Նախարարի տեղակալը նաև կոչ է արել ներկաներին ակտիվ մասնակցել մշակութային կրթության տարվան:
Ուսումնական տարվա մեկնակի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջ և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և շնորհավորել առաջին կուրսեցիներին:
Այցի ընթացքում նախարարի տեղակալը դիտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բարձր կուրսի ուսանողների բեմադրած թատերական ներկայացումը: Նշենք, որ այսօր նախատեսվում է նաև բուհի այս տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
Կարծիքներ