Շվեյցարիան զորավարժություններ կանցկացնի Ֆրանսիայի հետ
Շվեյցարիան, որը չեզոք կարգավիճակ ունի, սեպտեմբերի 3-4-ը զորավարժություններ կանցկացնի ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի կառավարությունը։
Խոսքը երկու երկրների օդային տարածությունում չորս շվեյցարական F/A-18 կործանիչների և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի չորս Rafale կործանիչների համատեղ թռիչքների մասին է։
«Շվեյցարիայի ռազմաօդային ուժերը և Ֆրանսիայի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն սեպտեմբերի 3-ին և 4-ին», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Պլանավորված են «մի քանի ուսումնական մոդուլներ երկու երկրների օդային տարածությունում»։ Ֆրանսիական կործանիչները, որոնք սովորաբար տեղաբաշխված են Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Լանդիվիզիո» ռազմածովային ավիաբազայում, մեկ գիշեր կգտնվեն շվեյցարական «Պայեռն» ավիաբազայում, որտեղ կանցկացվեն համատեղ վարժանքներ: Շվեյցարիայի և Ֆրանսիայի միջև համատեղ զորավարժություններն անցկացվում են 2018 թվականին ստորագրված երկկողմ համաձայնագրի հիման վրա։ Վարժանքներն «ուսուցման և պատրաստման բնագավառում երկու երկրների ռազմաօդային ուժերի միջև երկարաժամկետ համագործակցության մի մասն են և նպատակ ունեն ամրապնդել պաշտպանունակությունը միջազգային համագործակցության միջոցով», հայտարարել են Բեռնում:
Շվեյցարիան հաստատել է ՆԱՏՕ-ի հետ կապերն ամրապնդելու ուղեգիծը, ներառյալ զորավարժություններին մասնակցությունը և բանակի օպերատիվ համատեղելիության կատարելագործումը, որը կառավարության կողմից 2024 թ. հունվարի 31-ին ընդունվել է արտաքին քաղաքական ռազմավարության մեջ:
Կարծիքներ