Ինչ փոփոխություններ են սպասվում Երևանի հասարակական տրանսպորտում
«Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Հովհաննես Մանուկյանի համոզմամբ՝ մայրաքաղաքում երբեք հանրային տրանսպորտը և՛ որակական, և՛ սպասարկման առումով այսքան բարելավված վիճակում չի եղել, որքան այսօր է:
«Գրեթե 30 տարի է՝ տրանսպորտի ոլորտում եմ, կարող եմ փաստել, որ այժմ սպասարկումն այնքան լավ է, որ բազմաթիվ մարդիկ հրաժարվել են անձնական մեքենաներից և օգտվում են հասարակական տրանսպորտից»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում նա:
Անդրադառնալով պարբերաբար հնչող դժգոհություններին, որ ավտոբուսները ուշ-ուշ են գալիս՝ Մանուկյանը նկատում է՝ այդ խնդիրը հիմնականում առավոտյան և երեկոյան ժամերին է առաջանում, երբ մարդիկ դասերի և աշխատանքի են գնում, իսկ հետո՝ վերադառնում: Մանուկյանը որպես խնդիրի հիմնական պատճառ մատնանշում է նաև խցանումները:
«10-15 րոպեն մեկ ավտոբուսները շարժվում են իրենց գրաֆիկով, բայց խցանման մեջ են հայտնվում, և այդ 15 րոպեն դառնում է 25-30 րոպե: Օրինակ՝ Նոր նորք վարչական շրջանում բողոք գրեթե չկա, որովհետև Գայի պողոտայով թե՛ բարձրանալիս, թե՛ իջնելիս գրեթե ամբողջությամբ առանձնացված գիծ կա հասարակական տրանսպորտի համար, իսկ երբ իջնում են Միասնիկյան պողոտա, Կենտրոնով են անցնում, ընկնում են խցանման մեջ, և ինտերվալն է խախտվում»,- մանրամասնում է նա:
Ինչ վերաբերում է ավտոբուսներում վճարման նոր համակարգերին, քաղաքային իշխանության ներկայացուցիչն ասում է, որ գրեթե 80 տոկոս ավտոբուսներում վալիդատորները տեղադրված են, իսկ մինչև դեկտեմբերի 15-ը դրանք կլինեն բոլորում:
«Մարդիկ կարող են «Թել-Սել» հավելվածը ներբեռնել հեռախոսի մեջ և դրա միջոցով վճարել, հունվար ամսին պաշտոնապես կտեղեկացնենք այդ մասին: Նաև բոլոր կանգառներում «Թել-Սել» ապարատներ կան, այնտեղ տրանսպորտ բաժին կա, 100 դրամ գցում են և QR կոդ ստանում, հետո այդ կոդը մոտեցնում են վալիդատորին, վալիդացնում են և նստում ավտոբուս: Այսքանով չենք բավարարվելու. հունվար-փետրվար ամիսներին արդեն հնարավոր կլինի վճարումներ կատարել նաև բանկային տարբեր քարտերի միջոցով»,- հավաստիացնում է Մանուկյանը՝ հավելելով. «Լինելու են նաև քարտեր, որոնցով հնարավոր կլինի երթևեկել մի քանի ժամվա ընթացքում, նաև՝ ամսական փաթեթներ, և քարտը ձեռք բերելու դեպքում սպառողը կարող է մեկ ամբողջ ամիս օգտվել տրանսպորտից որքան ցանկանա, ընդ որում՝ և՛ տրոլեյբուսից, և՛ մետրոյից, և՛ ավտոբուսներից»:
Վերջինիս խոսքով՝ վալիդատորներ կտեղադրվեն նաև մետրոյում, և ժետոն հասկացողությունը դուրս գա շրջանառությունից:
Հաստատության ղեկավարն ընդգծում է, որ խիստ ուշադրություն է դարձնում ավտոբուսների մաքրությանը, վարորդների կոկիկությանը. «Խոսում եմ «ՄԱՆ» և «Ժոնգ-Տոնգ» ավտոբուսների մասին. բոլոր վարորդները բաց կապույտ գույնի վերնաշապիկով են և սև գույնի ժիլետով, ղեկին չեն ծխում, այդ հարցը խիստ է դրված, եթե մեկին ծխելիս տեսնում ենք, գործից ազատում ենք տեղում»:
Այս ամեն զուգահեռ նա խոստովանում է, որ դեռ շատ աշխատանք կա կատարելու, որ երևանցիները, զբոսաշրջիկները մայրաքաղաքի հասարակական տրանսպորտից օգտվելիս հաճույք ստանան։
Կարծիքներ