Երևանում կանցկացվի Գեղամ Գրիգորյանի 70-ամյակին նվիրված համերգ

ՀՀ ԿԳՍՄ նախարարության աջակցությամբ «ԹԻ ԷՄ Փրոդաքշն»-ը նոյեմբերի 21-ին, ժամը 19։30-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկազմակերպի աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի 70-ամյակին նվիրված գալա համերգը։
Համերգի ծրագիրը կազմված է երկու բաժնից։ «Առաջինը արիաներ են, երկրորդ բաժնում կան երգեր, որոնք հենց գեղամ Գրիգորյանի երգացանկում են եղել, նաև ներառել ենք նրա համար գրված Արաքս հայկական ստեղծագործությունը, որը ձայնագրվել է 1989 թվականին։ «Ստեղծագործությունը մենք ձեռք ենք բերել ռադիոյի արխիվից, որի հեղինակը Ռաֆայել Աբրահամյանն է։ Այս համերգի ժամանակ ստեղծագործությունը կկատարի Գևորգ Հակոբյանը։ Համերգին կլինեն արխիվային շատ այլ նյութեր ևս»,- լրագրողների հետ զրույցում նշեց «ԹԻ ԷՄ Փրոդաքշն»-ի հիմնադիր ղեկավար Թովմաս Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանը հավելեց, որ գաղափարը ծագել էր մոտ երկու տարի առաջ։ Իսկ նպատակը Գեղամ Գրիգորյանի հոբելյանն առիթ դարձնելն ու Հայաստանում օպերայի թատրոնի բեմում հայտնի օպերային երգիչներին, նաև նրանց, ովքեր ապրում են Հայաստանի սահմաններից դուրս, համախմբելն էր։
Համերգին մասնակցելու են անվանի օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանը, Հասմիկ Պապյանը, Գևորգ Հակոբյանը, Կարինե Բաբաջանյանը (Գերմանիա), Հովհաննես Այվազյանը, Լիանա Ալեքսանյանը (Գերմանիա), Խաչատուր Բադալյանը (ՌԴ)։ Հրավիրյալ դիրիժոր, Գեղամ Գրիգորյանի վաղեմի գործընկեր Անտոնելլո Ալլեմանդին (Իսպանիա) կղեկավարի Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։
«Շատ երջանիկ եմ, որ ունեմ այս հրավերը՝ այս համերգը նրա հիշատակին նվիրելու համար։ Ունեմ երգիչների հիանալի թիմ․ ոմանց ճանաչում եմ, ոմանց հետ նոր եմ ծանոթանում։ Սա իմ առաջին այցն է Հայաստան, որի համար շատ ուրախ եմ։ Հուսով եմ որ վերջինը չի լինի»,- նշեց դիրիժոր Անտոնելլո Ալլեմանդին։
Հոբելյանական համերգին հնչելու են օպերային արիաներ՝ Ա․ Հարությունյանի, Ա․ Տիգրանյանի, Ռ․ Աբրահամանյանի, Ջ․ Վերդիի, Ջ․ Պուչինիի, Ժ․ Բիզեի, Պ․ Չայկովսկու, Պ․ Մասկանիի, Է․ Կուրտիսի գլուխգործոցներից, կցուցադրվեն հատվածներ մաեստրոյի կատարումներից, կներկայացվի հոբելյանական երեկոյի համար Արսեն Մեհրաբյանի բեմադրած բալետային համարը՝ Աննա Քալաշյանի կատարմամբ։
Մշակույթի նախարարությունը աջակցում է նաև մեկ այլ նախագծի, որի շրջանակներում մինչև տարվա վերջ Գեղամ Գրիգորյանի ամբողջ արխիվի թվայնացման աշխատանքները լույս կտեսնեն։ «Կունենանք արխիվային ձայնագրությունների ձայնասկավառակ՝ արդեն մաքրված տարբերակով, ձայնապնակ և երեք լեզուներով կենսագրական է տպագրվելու նրա շատ մեծ լուսանկարչական արխիվի հետ միասին»,- ասուլիսի ավարտին նշեց Թովմաս Մարտիրոսյանը։
Կարծիքներ