Նոր Նորքի ոստիկանները բացահայտել են Գայի պողոտայում կատարված ավազակային հարձակումը

Նոր Նորքի ոստիկանները բացահայտել են Գայի պողոտայում կատարված ավազակային հարձակումը

ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները բացահայտել են դեկտեմբերի 30-ի գիշերն ինտերնետ-ակումբի վրա կատարված ավազակային հարձակումը և հափշտակությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի ահազանգել է 1-02 և հայտնել, որ Գայի պողոտայի ինտերնետ ակումբում գողություն է կատարվել։

Սակայն ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն այլ բան պարզեց։ Ժամը 4.30-ի սահմաններում ինչ-որ մեկը, ատրճանակը ձեռքին, մտել էր ինտերնետ ակումբ, սպառնացել ու դրամարկղից փող էր հափշտակել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով, համագործակցել են՝ համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։ Համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի մայրաքաղաքի Շոպրոնի փողոցի 28-ամյա մի բնակիչ։

Նշվում է, որ նա նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին՝ հարցաքննության։

«Նա տվել է խոստովանական ցուցմունք, ձերբակալվել, ապա կալանավորվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ` ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ավազակության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում