Վահան Քերոբյանը հայտնել է Գյումրիում և Արարատում հավակնոտ ծրագրերի նախագծի մասին

Վահան Քերոբյանը հայտնել է Գյումրիում և Արարատում հավակնոտ ծրագրերի նախագծի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղու» խնդիրները, առաջիկա ծրագրերը և համագործակցության հեռանկարները։

Ալեքսեյ Մելնիկովը տեղեկացրել է Վահան Քերոբյանին, որ առաջիկայում ընկերությունը կհամալրվի նոր շարժակազմով՝ հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղևորատար վագոններերով, նաև էլեկտրագնացքներով։ Նոր ուղևորատար վագոնները բերվելու են ընթացիկ տարվա մայիս-հունիսին, իսկ նոր էլեկտրագնացքները՝ մինչև օգոստոսի 1-ը:

Ալեքսեյ Մելնիկովը էկոնոմիկայի նախարարին է ներկայացրել ընկերության որոշ խնդիրները, նշել է մաքսային հսկողության շուրջօրյա աշխատանքի անհրաժեշտությունը՝ առանց հանգստյան օրերի,  մաքսակետում ֆիտոսանիտարական ստուգումների բացակայությունը, որը կարելի է կազմակերպել Այրումում, նաև հիշատակել պետության կողմից ուղևորափոխադրումների սուբսիդավորման հարցը։ «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը կարևորել է նաև տրանսպորտային-փոխանցումային հանգույցների ստեղծումը, երկաթգծի հարակից տարածքում և  երկաթգծի երկայնքով բարեկարգ միջավայրի ապահովումը և այլն։

Վահան Քերոբյանը հյուրին համառոտ ներկայացրել է Գյումրիում «Չոր նավահանգիստ» և Արարատում Արդյունաբերական պարկ կառուցելու հավակնոտ նախագիծը. լավ մասնագետների ներգրավմամբ նախատեսվում է ստեղծել միջավայր, որտեղ ընկերությունների համար հարմարավետ կլինի աշխատել, իսկ արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ կամ երրորդ երկրներ։ Նախարարը շեշտել է, որ երկաթուղային կապը նշված նախագծի իրագործման պարտադիր մաս է կազմում։ Ալեքսեյ Մելնիկովը գաղափարը հետաքրքիր է համարել՝ նշելով, որ Գյումրիի կայարանն ունի մեծ թողունակության հնարավորություններ, ինչը կարելի է օգտագործել նախագծի իրագործման ժամանակ։ Նախարարը նաև առաջարկել է դիտարկել հայ գործարարների կողմից ներկայացված պահանջարկը՝ կազմակերպել երկաթուղով  կցորդներով փոխադրումներ՝  բեռնատարներ, ավտոբուսներ տեղափոխելու համար։ Ի պատասխան Ալեքսեյ Մելնիկովը պատրաստակամություն է հայտնել վերջիններիս հետ առանձին-առանձին քննարկել տրանսպորտային լոգիստիկ սխեմաները։

Վահան Քերոբյանը խոսել է նաև գերարագընթաց գնացքներ ունենալու հնարավոր հեռանկարի մասին՝ շեշտելով, որ դրանց առկայությունը կտրուկ կավելացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։  Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ խնդիրը դժվար լուծելի է լեռնային բարդ ռելիեֆի պատճառով, այն նաև շատ ծախսատար է, սակայն ոչ անհնար։    

Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվել են, որ ընկերության խնդիրները գրավոր կներկայացվեն նախարարությանը, որտեղ դրանք կուսումնասիրվեն, այնուհետև կառաջարկվեն համապատասխան լուծումներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում