ՌԴ դեսպանատանը մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը մեկ րոպե լռությամբ հարգել են մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը։ Այս մասին հաղորդվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
«Ռուսաստանը հատկապես կարևորում է այն, որ Հայաստանի բնակչությունը հնարավորինս շուտ հաղթահարի պատերազմի առաջացրած սթրեսը, իրեն անվտանգ զգա, վաղվա օրվա հանդեպ վստահություն ձեռք բերի։ Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք սատար կանգնել և անում ենք դա»,- նշված է հաղորդագրությունում։
ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը պատերազմի տարելիցի կապակցությամբ նաև նշել են, որ ակտիվ ջանքեր և գործնական քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու, անցյալ տարվա աշնանը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու համար, ներառյալ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, փախստականների վերադարձի և հայ գերիների ազատ արձակման հարցի վերջնական լուծմանն աջակցելը։ Ռուսական կողմը շարունակում է անմիջական մասնակցությունը տարածաշրջանի խաղաղ զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու գործում։
«Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը ինչպես սեփական, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար։ Մենք մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին և հարազատներին»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:
Կարծիքներ