Թալիբները շրջապատել են Քաբուլի օդանավակայանը՝ կանգնեցնելով փախչողներին. ահռելի օդանավերն օդ են բարձրանում գրեթե դատարկ
Տարհանման թռիչքներ իրականացնող ինքնաթիռները Քաբուլի միջազգային օդանավակայանից գրեթե դատարկ կամ կիսադատարկ են օդ բարձրանում. թալիբներից փախչող աֆղանները չեն կարողանում ինքնաթիռներ նստել, քանի որ զինյալները շրջապատել են օդակայանը՝ տասնյակ հազարավոր հուսահատ քաղաքացիների թույլ չտալով լքել երկիրը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, տեղում գտնվողներն ասում են, որ թալիբներն արգելում են բոլոր նրանց, ովքեր չունեն օտարերկրյա անձնագիր, մուտք գործել օդանավակայան, մինչդեռ օտարերկրացիները, այդ թվում՝ բրիտանացի և գերմանացի արտագաղթողներ, ասում են, որ իրենք հայտնվել են քաոսի մեջ՝ չկարողանալով դուրս գալ ամբոխից և նստել դեպի տուն ուղևորվող ինքնաթիռներ:
Նման զարգացումների ֆոնին ահագնանում են մտավախությունները, որ արևմտամետների ճակատագիրը կարող է սակարկության առարկա դառնալ «Թալիբան»-ի համար, և նրանք նույնիսկ կարող են պատանդ դառնալ:
Աղբյուրները Bild-ին հայտնել են, որ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը մտավախություն ունի, որ թալիբները կարող են նրանց պատանդ վերցնել որպես լծակ Դոհայում կայանալիք բանակցությունների համար: Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը ասել է, որ Գերմանիայի կառավարությունը փորձում է կապ հասատել գրոհայինների հետ:
ԱՄՆ-ի հսկայական բեռնատար ինքնաթիռները Քաբուլից թռնում են միջինը ընդամենը 100 ուղևորով, չնայած կարող են տեղափոխել ավելի քան 600 մարդ: Գերմանիա, Ավստրալիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա և Իտալիա ուղևորվող ինքնաթիռները, որոնք խոստացել են փրկել հազարավոր մարդկանց, թռիչքներ են իրականացնու ՝ մի քանի տասնյակ մարդկանցով, չնայած հարյուրավորներին հասցնելու կարողությանը: Մի դեպքում, գերմանական ինքնաթիռը, նախատեսված 150 հոգու համար, երեքշաբթի մեկնել է Քաբուլից ընդամենը 7 ուղևորով: Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն ընդամենը 2000 մարդ է տեղավորել 18 C -17 ինքնաթիռներում՝ միջինը 110 մարդ մեկ թռիչքի համար:
Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները և աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ և իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ հեռացել է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, և պետության կառավարման ձևը պարզ կդառնա առաջիկայում:
Կարծիքներ