Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում Տավուշի մարզի շրջանավարտներն այս տարի կարող են բուհ ընդունվել նաև նոր ընթացակարգով
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բուհերի ընդունելության կարգում` պայմանավորված հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ: Բուհերի ընդունելության նոր կարգով սահմանված հնարավորությունն այս տարի կամավոր ընտրության հիմունքով կփորձարկվի Տավուշի մարզի շրջանավարտների համար, որոնք նոր չափորոշչով առաջինն են ավարտելու դպրոցը: Հետագայում տվյալների ամփոփումից և վերլուծությունից հետո նոր համակարգը կներդրվի բոլոր դպրոցների համար:
Գործադիրի այսօրվա նիստում հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգի» փոփոխությունը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշմամբ նախատեսվում է վերանայել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգը՝ ընդունելության սկզբունքների վերանայման, նոր մեխանիզմների մշակման և դրանց ներդրման ռազմավարական նպատակներով պայմանավորված:
ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ Տավուշի մարզում 2021/22 ուսումնական տարվանից փորձարկվում է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, և այս ուսումնական տարում արդեն կլինեն նոր չափորոշչով իրենց ուսումնառությունն ավարտող առաջին շրջանավարտները:
«Ընդունելության կարգում իրականացվող փոփոխությունները մեր առաջին շրջանավարտներին թույլ կտան բուհ դիմել ընդունելության նոր համակարգով: Մասնավորապես՝ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհերի ընդունելության նոր հնարավորություններ. սա հանդիսանում է նաև կրթության ոլորտում բարեփոխումների կարևոր բաղադրիչ, որի համաձայն՝ նոր կրթական չափորոշիչներով ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի ընդունելության քննություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ կարգավորման նպատակը նաև այն է, որ հենց այս՝ 2023/24 ուսումնական տարվա ավարտից հետո կիրառվեն ընդունելության քննությունների նոր թեստեր, որոնք կհամապատասխանեն չափորոշչի բովանդակությանը. «Սա նաև նոր թեստային համակարգի փորձնական ներդրումն է՝ ուղղված նոր ծրագրային նյութի վերջնարդյունքների գնահատմանը: Դրա արդյունքները՝ որպես ավարտական քննություններ, հիմք կհանդիսանան բուհեր ընդունելության համար: 2026 թվականից այս համակարգը կգործի Երևանի և ՀՀ մարզերի մեր բոլոր շրջանավարտների համար»:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ քանի որ այս մոտեցումը կիրառվում է առաջին անգամ, այն Տավուշի մարզի շրջանավարտների համար կներդրվի որպես հավելյալ հնարավորություն` շրջանավարտի ցանկությամբ:
«Տավուշի մարզի դպրոցների, ինչպես նաև հանրապետության մյուս մարզերի շրջանավարտները միասնական քննություն հանձնելու երկու հնարավորություն ունեն: Տավուշի շրջանավարտների համար սա արդեն հավելյալ՝ երրորդ հնարավորությունը կլինի, որը կկազմակերպվի ընդունելության հիմնական փուլից հետո՝ հուլիսի սկզբին՝ մրցութային ավելի լավ հնարավորություններ ընձեռելով շրջանավարտներին»:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս տարվա փորձարկումից հետո մոտեցումները կվերջնականացվեն համընդհանուր ներդրման համար: Նա տեղեկացրել է՝ կարգում նաև մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ են իրականացվում՝ ընդունելության գործընթացի պարզեցման նպատակով:
Անդրադառնալով քննական առարկաներին՝ ԿԳՄՍ նախարարը, մասնավորապես, ասել է. «Նոր ձևաչափով բացի երեք պարտադիր առարկաներից՝ «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Մաթեմատիկա», շրջանավարտները հնարավորություն կունենան քննություններ հանձնելու նաև բոլոր առարկաներից՝ կամընտրական բաղադրիչով: Ամբողջությամբ նոր թեստեր են մշակված՝ հաշվի առնելով այն փաստը, որ ըստ հանրակրթության նոր չափորոշչի՝ գիտելիքահենք մոտեցումից բացի՝ կարևորվում են նաև սովորողի կարողունակությունները: Շտեմարանների և թեստերի միջոցով արմատավորել ենք անգիր անելու երևույթը, վարժեցնելու հմտությունները, որից նոր ընթացակարգով փորձելու ենք հրաժարվել: Կարծում եմ՝ նոր առաջադրանքները կստուգեն շրջանավարտների տրամաբանական և քննադատական մտածողության հմտությունները»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս պետք է համոզվենք, որ քննության գնահատականն արտահայտում է օբյեկտիվ պատկերը:
«Թեստերի ստուգումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով, այսինքն՝ մարդկային գործոնը բացառված է. քննությունները կազմակերպում է Գնահատման և թեստավորման կենտրոնը՝ ուսումնական հաստատություններում: Փորձարկելով նոր մոտեցումը Տավուշի մարզում՝ հնարավորություն կունենանք հասկանալու՝ ինչ խնդիրներ են առաջանում: Աստիճանաբար պետք է հասնենք նրան, որ քննություններն իրականացվեն համակարգչային, այլ ոչ թղթային ձևաչափով: Մեր պատկերացումն է, որ ընդունելության համակարգում քննությունների թիվը պետք է նվազեցնենք՝ ունենալով շատ քիչ արտաքին գնահատման արդյունքներ, մասնավորապես, օրինակ, «Հայոց լեզու» առարկայից: Մնացած առարկաների պարագայում պետք է կարողանանք դպրոցներում ունենալ գնահատման և ստուգման մեխանիզմներ, որոնք թույլ կտան ընդունելության համակարգում հաշվի առնել ատեստատի միջին գնահատականը»,- ի պատասխան՝ նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ վերոնշյալ ընթացակարգերն ամբողջությամբ նախատեսվում է ընդգրկել նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծում, որն առաջիկայում կշրջանառվի:
Կարծիքներ