Ներկայացվել են «Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» ծրագրի արդյունքները

Ներկայացվել են «Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» ծրագրի արդյունքները

Երևանում հունիսի 7-ին կայացել է «Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» (I4SDR) բարձրաստիճան մեկնարկային միջոցառումը, որի բացման խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՄԱԿ-ի  Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարար Ռոբերտ Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել  ՄԱԿ-ի ԵՏՀ-ին՝ Հայաստանի ազգային ինովացիոն համակարգի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար:

«Նորարարությունը վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի ապագա հաջողությունների համար: Այն նպաստում է ոչ միայն երկարաժամկետ տնտեսական աճին, այլև մեր երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների լուծմանը։

Հայաստանը, ՄԱԿ-ի ԵՏՀ-ի և այլ գործընկերների աջակցությամբ, նախատեսում է մշակել և իրականացնել կարողությունների զարգացման ծրագրեր՝ ուղղված նորարարության արդյունավետության բարձրացմանը: Վերջին տարիներին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (SIDA) և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն մի շարք նախաձեռնություններ են իրականացրել Հայաստանի ազգային ինովացիոն համակարգի զարգացման ուղղությամբ»,- նշել է նախարարը:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով «Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար (I4SDR)» հետազոտությանը՝ Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ այն հիանալի հնարավորություն է ընձեռնում ազգային նորարարության համակարգի հիմնական դերակատարներին օգտվելու ուսումնասիրության արդյունքներից և օգտագործելու այն որպես օժանդակ գործիք քաղաքականության հետագա բարեփոխումների համար:

«Համակարգված ազգային ինովացիոն քաղաքականության միջոցով միայն կարող ենք խուսափել համընկնումներից, ձևավորել փոխգործակցություններ և արագացնել Հայաստանի նորարարության վրա հիմնված կայուն զարգացումը», - հավելել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը:

«Նորարարությունն իսկապես անկանխատեսելի է և ռիսկային, բայց այդ ռիսկերը նաև վարձատրման հնարավորություններ են ստեղծում: Մենք դա տեսնում ենք Հայաստանում ՏՀՏ ոլորտի զգալի աճի մեջ, որը վկայում է երկրի նորարարական ներուժի մասին»,- նշել է ՄԱԿ-ի ԵՏՀ գործադիր քարտուղար Օլգա Ալգաերովան։

Նշվում է, որ այնուհետև տեղի է ունեցել «Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» (I4SDR)  ծրագրի արդյունքների, հիմնական բացահայտումների և առաջարկությունների ներկայացում ՄԱԿ-ի ԵՏՀ քարտուղարության կողմից։ Հաջորդիվ ազգային և միջազգային գործընկերները քննարկել են I4SDR հիմնական բացահայտումներն ու առաջարկությունները և երկրի նորարարահեն զարգացման հեռանկարը:

«Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» (I4SDR) ՄԱԿ-ի ԵՏՀ-ի առաջատար նախաձեռնությունն է, որի նպատակն է առաջարկել լուծումներ առկա մարտահրավերներին և աջակցել Հայաստանին տնտեսական զարգացման ճանապարհին: Ծրագիրը գնահատում է ինովացիոն քաղաքականության կառավարումը, գործընթացները և մեխանիզմները, ինչպես նաև տրամադրում նորարարության քաղաքականության առաջարկներ: Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հետազոտական գործընթացը, որը ներգրավել է հարյուրավոր շահառուների, նպաստելու է Հայաստանի կառավարության ռազմավարական բարեփոխումների և կարողությունների զարգացման առաջիկա ջանքերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում