Ամոնիակի սելիտրան Լիբանան տեղափոխած ռուսական նավի նավապետը զգուշացրել էր հնարավոր վտանգների մասին. Daily Mail (լուսանկարներ)
Ռուսական նավի նավապետը, որն ամոնիակի սելիտրան Լիբանան էր տեղափոխել 6 տարի առաջ, հայտարարել է, որ ինքը պարբերաբար զգուշացրել է դրա վտանգի մասին, գրում է Daily Mail պարբերականը:
Բորիս Պրոկոշևը, որը ղեկավարել է «Rhosus» նավը և որով վթարային կանգառ է կատարել Լիբանանում, հայտարարել է, որ ինքը բազմիցս գրել է Վլադիմիր Պուտինին վտանգավոր նավի մասին:
Պրոկոշևը, որն այժմ 70 տարեկան է, պատմել է, որ նավը տարիներ առաջ Բաթումից վտանգավոր բեռով ուղևորվել է Մոզամբիկ, սակայն ճանապարհին նրանք ստիպված են եղել չծրագրված կանգառ կատարել Բեյրութում` նավի շարժիչի և ռադարի խնդիրների պատճառով: Նա տեղեկացրել է նաև, որ նավի սեփականատերը խնդրել էր նրանից քաղաքից նոր բեռ վերցնել: Սակայն Բեյրութում նավն ու դրա վրա գտնվող ապրանքն առգրավվել է: Ըստ նրա՝ նավի և դրանում գտնվող ամոնիակի սեփականատեր Իգոր Գրեչուշկինն էլ «իր ձեռքերը լվացել է» նավից, ինչի հետևանքով անձնակազմը բեռի հետ միասին մի քանի ամիս ստիպված է եղել մնալ Լիբանանում, մինչ Գրեչուշկինը կվճարեր տույժերը:
Անձնակազմն ազատ է արձակվել դրան հաջորդող տարվա ընթացքում, իսկ ամոնիակը 6 տարի շարունակ պահվել է Բեյրութի նավահանգստի պահեստում, մինչև այս շաբաթվա սկզբին դրա հրդեհվելն ու պայթելը:
«Նրանք ժլատ էին»,-պատմել է Պրոկոշևը` հիշելով, թե ինչպես են իրեն խնդրել չծրագրված կանգառ կատարել լրացուցիչ բեռ վերցնելու համար:
Լրացուցիչ բեռը նավ բարձրացնելու ժամանակ Պրոկոշևը զգացել է, որ «դա անհնարին է» և «կարող է վնասել ամբողջ նավը»:
Նավը Բեյրութի նավահանգստում ավելի քան 1 տարի է անցկացրել Պրոկոշևի և ուկրաինացի նավաստիների հետ:
Նավապետը տեղեկացրել է նաև, որ նավի սեփականատերը հրաժարվել է և՛ նավից, և՛ սելիտրայից, իսկ ինքն ու անձնակազմը 10 ամիս առանց վճարի ապրել են նման «վառոդի տակառի» վրա:
«Մեր վիճակն ավելի վատ էր, քան բանտարկյալներինը, բանտարկյալը գիտի, թե իրեն երբ ազատ կարձակեն, իսկ մենք չգիտեինք»,-ասել է նավապետը:
Պրոկոշևին տեղեկացրել էին, որ Պուտինին ուղարկված կոչերն ուղարկել են ՌԴ ԱԳՆ, իսկ Բեյրութում ՌԴ հյուպատոսը ծաղրել է նրանց` ասելով. «Ի՞նչ եք ուզում, Պուտինը հատուկջոկատայինների՞ ուղարկի, որ նավը փրկվի»:
Ի վերջո, ներկայացված հաջող դատական հայցից հետո նավաստիներին թույլ են տվել լքել նավահանգիստը, իսկ ամոնիակը բեռնաթափվել և պահվել է տեղի պահեստում:
Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:
Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի, վիրավորները 5 000-ից ավելի են։ Զոհերից 11-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 149 զոհի և 4000 վիրավորի մասին:
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:
«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:
Կարծիքներ