«Թող գա Ղրիմ, լողա հիասքանչ Սև ծովում, ջերմանա մեր հարավային արևի տակ և միգուցե վերջապես ասի այն, ինչ նրանից բոլորն են սպասում». Ղրիմի բելառուսները կոչ են արել Լուկաշենկոյին թերակղզին ՌԴ մաս ճանաչել
«Ղրիմի բելառուսներ» տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Ռոման Չեգրինեցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է Ղրիմ` կոչ անելով ճանաչել թերակղզու ռուսական կարգավիճակը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ Լուկաշենկոն ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում նշել էր, որ Ուկրաինան կորցրել է Ղրիմը, քանի որ «չուներ իշխանություն և ցանկություն իր հողակտորը պաշտպանելու համար»: Նրա խոսքով` կիևյան իշխանություններն անպատասխանատու վերաբերմունք էին ցուցաբերում Ղրիմի նկատմամբ: Լուկաշենկոն նշել է, որ ինքն ուկրաինական իշխանությունների փոխարեն կկռվեր Ղրիմի համար, և հավելել է, որ այն ժամանակ Ուկրաինային հարկավոր էր զորքերը բերել բարձր մարտական պատրաստության վիճակի:
«Իմ կարծիքով՝ Լուկաշենկոն մինչև վերջ չի հասկանում՝ ինչ է Ղրիմը ընդհանրապես, և ինչ է տեղի ունեցել Ղրիմում 2014 թվականին: Ալեքսանդր Գրիգորևիչին հրավիրում եմ Ղրիմ: Այստեղ, հենց տեղում, մենք նրան կպատմենք և ցույց կտանք, թե ինչպես է ամեն ինչ եղել իրականում: Թող լողա հիասքանչ Սև ծովում, ջերմանա մեր հարավային արևի տակ, մի բաժակ հիանալի ղրիմյան գինի խմի և վերջապես միգուցե ասի այն, ինչ նրանից սպասում են Ղրիմի բոլոր բելառուսները` Ղրիմը ռուսական է»,-ասել է Չեգրինեցը գործակալության հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանին է միացել 2014 թվականին՝ հանրաքվեի արդյունքում: Ուկրաինան այն շարունակում է համարել իրենը:
Կարծիքներ