ԱՄՆ-ն Թայվանին զենքի մատակարարումներով Չինաստանին հարկադրում է վճռական միջոցներ ձեռնարկել. ՉԺՀ ԱԳՆ
Թայվանին ամերիկյան սպառազինությունների մատակարարումները Չինաստանին հարկադրում են ձեռնարկել վճռական միջոցներ իր ազգային ինքնիշխանության պաշտպանության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Միացյալ Նահանգների կողմից զենքի վաճառքը Թայվանին «մեկ Չինաստան» սկզբունքի և չին-ամերիկյան երեք կոմյունիկեների լուրջ խախտում է․․․․ Մենք վճռականորեն դեմ ենք հանդես գալիս դրան», - նրա ճեպազրույցից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Թայվանին 75 մլն դոլարի ռազմական նշանակության սարքավորումների վաճառքին։
«Չինաստանը վճռական և գործուն միջոցներ կձեռնարկի իր ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար», - ասել է Մաո Նինը:
Պաշտոնյան պարզաբանել է, որ ԱՄՆ-ի հիշյալ գործողությունները լարվածություն են ստեղծում Թայվանի նեղուցում։ Մաո Նինն ամերիկյան իշխանություններից պահանջել է դադարեցնել Թայբեյի հետ միջբանակային շփումները։ Նա նշել է, որ զենքի մատակարարումներով Միացյալ Նահանգները «վնաս է հասցնում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին»։
Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում է 1949 թվականից, երբ կղզի փախան Գոմինդան կուսակցության ուժերի մնացորդները Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ՝ պարտություն կրելով Չինաստանի քաղաքացիական պատերազմում։ Աշխարհի երկրների մեծ մասն աջակցում է «մեկ Չինաստան» սկզբունքին։ 1972 թվականին Չինաստանի հետ ստորագրված համատեղ կոմյունիկեում ԱՄՆ-ն նույնպես ճանաչել է «մեկ Չինաստանի» քաղաքականությունը, սակայն Վաշինգտոնը շարունակում է կապեր պահպանել Թայբեյի վարչակազմի հետ և զենք է մատակարարում կղզուն:
Կարծիքներ