Վրաստանը պատրաստ է հակամարտող կողմերին ընդունել Թբիլիսիում. Գախարիա |aliq.ge|

Վրաստանը պատրաստ է հակամարտող կողմերին ընդունել Թբիլիսիում. Գախարիա |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող ռազմական հակամարտության վերաբերյալ: 

Գախարիան նշում է, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևաչափով օգնել դուրս գալ ստեղծված իրավիճակից, այդ թվում պատրաստ է հակամարտող կողմերի ներկայացուցիչներին երկխոսության նպատակով ընդունել Թբիլիսիում:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական առճակատման արդյունքում ստեղծվել է բարդ իրավիճակ, կան շատ զոհեր և, ցավոք, մինչ այժմ չի հաջողվել դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը խիստ բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի անվտանգության վրա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու միջազգային դերակատարները պետք է առավելագույնը օգտագործեն իրենց հնարավորությունները էսկալացիայի դադարեցման և երկխոսության վերականգնման համար:

Ինչպես գիտեք, մեր երկիրը բարիդրացիական հարաբերություններ ունի երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ: Պատմականորեն, Վրաստանում ապրող մեր ադրբեջանցի և հայ քաղաքացիները միշտ մեծ դեր են խաղացել մեր երկրի, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանի զարգացման  գործում: Միևնույն ժամանակ, նրանց համակեցությունը լավ օրինակ է, որ վրացիները, հայերն ու ադրբեջանցիները ունեն ներուժ ամբողջ Հարավային Կովկասը դարձնել խաղաղության և զարգացման տարածք:

Մեր ընդհանուր շահն է՝ հնարավորինս արագ տարածաշրջանում խաղաղություն հաստատել: Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևաչափով նպաստել այդ գործընթացին, այդ թվում երկխոսություն վարելու նպատակով հյուրընկալել հակամարտող կողմերին Թբիլիսիում», — ասվում է Գիորգի Գախարիայի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում