Թուրքիայում սահամանափավել է Deutsche Welle-ի և «Ամերիկայի ձայնի» թուրքերեն ծառայությունների հասանելիությունը

Թուրքիայում սահամանափավել է Deutsche Welle-ի և «Ամերիկայի ձայնի» թուրքերեն ծառայությունների հասանելիությունը

Թուրքիայում սահմանափակվել է գերմանական «Deutsche Welle» և ամերիկյան «Ամերիկայի ձայնը» (VOA) լրատվական հարթակների հասանելիությունը։

Պատճառաբանությունն այն է, որ այդ լրատվամիջոցները լիցենզիա ստանալու համար չեն դիմել Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդին (RTÜK)։ Այս մասին որոշումը կայացրել է Անկարայի  քրեական դատարանը։

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի անդամ Իլհան Թաշչըն Twitter-ում արած գրառմամբ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ որոշումն ուղղված է մամուլի ազատության սահմանափակմանը։
«Ժամանակակից լրագրողների միությունը», իր հերթին, ընդգծել է, որ այդ որոշմամբ սահմանափակվում է ոչ միայն մամուլի ազատությունը, այլև ժողովրդի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության Թուրքիայի ներկայացուցչությունը նույնպես բացասական է արձագանքել թուրքական դատարանի այդ որոշմանը․

«Լիցենզիա չստանալու հիմնավորմամբ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի պահանջով «Deutsche Welle»-ի և «Ամերիկայի ձայնի» թուրքերեն ծառայությունների հասանելիության խոչընդոտումը խնդրահարույց որոշում է, որը միայն ծառայելու է ընտրություններին, անհամատեղելի է հեռարձակման բազմակարծություն հասկացության հետ և դրա հետ կապված անհանդուրժողականությունը տեղափոխում է միջազգային մակարդակ»,-նշվել է կազմակերպության գրառման մեջ։
 

Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսին Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը նոր կանոնադրությամբ պայման էր սահմանել, ըստ որի համացանցի միջոցով հեռարձակվող հարթակները պետք է լիցենզիա ստանան խորհրդից։

Խորհուրդը, իշխող «Ժողովուրդ» դաշինքից ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի անդամների ձայների մեծամասնությամբ փետրվարի 9-ին կայացված որոշման հիման վրա  դիմել էր դատարան, որպեսզի արգելափակեն «Ամերիկայի Ձայն»-ի և Deutsche Welle-ի թուրքերեն ծառայությունների հասանելիությունը, քանի որ նշված ԶԼՄ-ները չեն դիմել տեսալրատվության լիցենզիա ստանալու համար։

Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում