Մայրաքաղաքի ոչ բոլոր նորակառույցներն են դատապարտված դիմանալու ժամանակի քննությանը. Ձոնիկ Մարգարյան
Աշխարհի առաջատար լրատվամիջոցները երեկ ավետեցին. Փարիզի «Լուվր» թանգարանը, որ համաճարակով պայմանավորված ամիսներ շարունակ չէր աշխատում, իր դռներն է բացում այցելուների առաջ: Փարիզի ամենամեծ թանգարանը՝ «Լուվրը», իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է:
Կունենա արդյո՞ք Երևանը իր «Լուվրը»՝ աշխարհին ներկայանալի թանգարան:
Այսօր այս հարցադրումն անպատասխան է: Ավելին, ցավոք, այդ հարցադրումն ընդհանրապես օրակարգում չէ...
Ստորև ներկայացվող գրառումը կատարվել է 2018 թվականի հուլիսի 25-ին:
Հ.Գ. Այն ժամանակ մենք դեռ ունեինք Մշակույթի և Սփյուռքի նախարարություններ:
Վերջին տարիներին մայրաքաղաքի ոչ բոլոր նորակառույցներն են դատապարտված դիմանալու ժամանակի քննությանը: Առաջին տպավորությունը նորակառույցներից հիացական չէ: Այդ շինությունները կառուցվում են մարդկանց բնակարանային խնդիրները լուծելու համար՝ զուրկ որևէ ճարտարապետական արժեքից: Եթե բացառենք զվարճանքի, սննդի, հյուրանոցների նոր կառուցվող շինությունները, ապա մայրաքաղաքում հասարակական նշանակության գրեթե ոչ մի այլ շինություն չի կառուցվում: Նորակառույցները, երբեմն տեղադրվելով քաղաքի ամենագողտրիկ վայրերում, միշտ չէ, որ աչք են շոյում: Երևանի բնակիչների մոտ տխուր զգացումներ են առաջացնում Երևանը գոտեվորող (Նորքի հեռուստաաշտարակի հարևանությամբ), երբեմնի այգիների տեղը կառուցվող բնակելի շենքերը:
Միամտություն կլինի կարծել, թե հրաշքով այս տարածքներում կվերականգնվի անտառը:
Առաջարկում եմ այդ տարածքում առանձնացնել 500հազ. ք/մ տարածք՝ երբևէ իրականացնելու մեկ մտահաղացում, որի անվերապահ կողմնակիցը կարող են լինել հայեր ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև սփյուռքում: Ժամանակի ընձեռած հնարավորությամբ շատ հայեր շրջագայում են աշխարհի տարբեր երկրներում: Հիանալով համաշխարհային բազմաթիվ ճարտարապետական կոթողների շքեղությամբ՝ ակնածանքով են լցվում հատկապես թանգարանների և պատկերասրահների նկատմամբ: Առաջին անգամ Փարիզի Լուվրի թանգարան կամ Սանկտ-Պետերբուրգի <<Էրմիտաժ>> այցելողներին տպավորություններն ուղեկցում են ամբողջ կյանքում և վստահ եմ, որ դա պայմանավորված չէ միայն այդ թանգարաններում պահպանվող գեղանկարչության և քանդակագործության համաշխարհային գլուխգործոցների առկայությամբ:
Արվեստի բացառիկ արժեքներ են ինքնին թանգարանները: Արվեստի նկատմամբ ունեցած վերաբերմունքի ժամանակակից դրսևորում է Նյու-Յորքի <<Ռոկֆելլեր>> կենտրոնը:
Լուվրի և Էրմիտաժի ճարտարապետական համալիրները դժվար է պատկերացնել առանց Սենա և Նևա գետերի: Ցավոք, Երևանը չունի իր <<Սենան>> և <<Նևան>>: Նորքի հատված անտառի տարածքը գերիշխող դիրք ունի մայրաքաղաքի նկատմամբ և տեսանելի է քաղաքի շատ անկյուններից: Առաջարկում եմ նշված տարածքը հատկացնել <<հայկական Լուվրի>> ստեղծման նպատակին: Ընդ որում, բուն թանգարանային շինության համար հատկացելով մոտ 100հազ. ք/մ տարածք, մնացած 400հազ ք/մ գոտևորելով շատրվաններով, ժամանակակից արվեստին բնորոշ նմուշներով, գողտրիկ ճեմուղիներով, ծաղկազարդ պուրակներով:
Միամտություն կլինի կարծել, որ քաղաքապետարանը, իր բազմաթիվ խնդիրներով ու դժվարություններով, հնարավորություն ունի տեսանելի ապագայում նմանօրինակ որևէ ձեռնարկում իրականացնել: Սակայն քաղաքապետարանը ներկայումս ունի մի բացառիկ հնարավորություն. որոշում կայացնելու այս ձեռնարկման համար անհրաժեշտ հողհատկացման վերաբերյալ՝ պաշտպանելով այն <<եռանդուն>> կառուցապատողներից: Եթե քաղաքապետարանը տեր կանգնի այս գաղափարի իրականացմանը՝ այն երբևէ կիրականանա:
Ամենակարևոր քայլից՝ հողհատկացումից հետո, կսկսվի մի երկար ճանապարհ. ոգևորել մարդկանց այդ գաղափարով Հայաստանում և սփյուռքում: Որպես առաջին քայլ՝ թերևս կարելի է հանձնարարել Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ավարտական կուրսերի ուսանողներին ներկայացնել դիպլոմային աշխատանքներ այս թեմայով:
Ստեղծել հոգատար և հատկապես մասնագետ-հոգաբարձուների խորհուրդ՝ նրանց խնդիրը համարելով այս գաղափարը յուրաքանչյուր հայինը դարձնելու թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, առավելագույնս օգտագործել արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունների ունեցած հնարավորությունները՝ ակնկալելով նրանց ոչ միայն գործուն նյութական մասնակցությունը նախագծի շինարարության աշխատանքներին (իհարկե, բացառելով մեկ անգամ արդեն քննություն չբռնած ազգային տուրքի գաղափարը), այլև դրա ավարտից հետո այդ թանգարանը ցուցանմուշներով հարստացնելու գործին:
Կառուցվող թանգարանի համալրումը մեկ կամ մի քանի սերունդների կողմից իրականացնելու խնդիր պետք չէ դնել:
Ստեղծվելիք ցուցասրահները կարելի է անվանակոչել պատմական Հայաստանի տեղանուններով, մայրաքաղաքների անուններով:
Ձոնիկ Մարգարյան
Կարծիքներ