Ցավում եմ, մեր հասարակության մեդիագրագիտությունն այնքան ցածր է, որ «Դոգն» է դարձել հեղինակություն. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկ գիշեր, երբ Ազգային ժողովի դիմացը բողոքի ակցիա էր ընթանում, «Ֆեյսբուքի» իր էջի միջոցով տեղեկացրեց, որ ինքը եւ մի խումբ փորձագետներ ու հասարակական գործիչներ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Իոաննիսյանից հետաքրքրվեցինք՝ հանդիպումն ո՞ւմ նախաձեռնությամբ է եղել, վերջինս նշեց, որ հրավիրված են եղել. ինքը այդ ժամանակ Ջերմուկում է գտնվել, վերադարձել է՝ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
«Ըստ էության՝ քննարկվում էին տարբեր հարցեր, բայց չեմ կարծում, թե կոռեկտ է, որ ես դրանք հանրայնացնեմ: Միայն կցանկանամ ընդգծել, որ քննարկման ընթացքում որեւէ փաստաթղթի կամ ինչ-որ բան ստորագրելու մասին խոսք անգամ չի եղել: Մեղմ ասած՝ նման հարց գոյություն չուներ»,- շեշտեց նա՝ հավելելով՝ քննարկումը պրոդուկտիվ էր եւ բավականին ազնիվ մթնոլորտում:
Անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետի ելույթից հետո առաջացած իրարանցմանը՝ Իոաննիսյանը նկատեց. «Նախ, պետք է ասեմ, որ իրականում ամեն ինչ սկսվեց Նիկոլ Փաշինյանի վատ ձեւակերպումից, որոշ լրատվամիջոցներ էլ մի փոքր ուռճացրին, կոնտեքստից կտրեցին միտքը, եւ տեսանք, թե ինչ կատարվեց: «Դոգը» ինչ-որ բաներ հորինեց. շատ ցավում եմ, որ մեր հասարակության մեդիագրագիտությունն այնքան ցածր է, որ «Դոգն» է դարձել հեղինակություն: Սա այն իրականությունն է, որն ունենք, բայց պետք է ընդունենք դա ու փորձենք փոխել»:
Ըստ նրա՝ փաստը ցույց տվեց, որ փոքրիկ սխալ ձեւակերպումը, կամ երկիմաստ հայտարարությունը կարող են նման հետեւանքների բերել:
Անդրադառնալով ընդդիմության վարքագծին՝ վերջինս նկատեց՝ տպավորություն է, որ այդ անձինք ներքաղաքական ինչ-որ խնդիր լուծելու համար են պայքարում: «Չի կարելի: (Խոսքս հիմա ուղղում եմ ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին): Հիմա, մեղմ ասած, չի կարելի ներքաղաքական հարցեր լուծել: Եթե մենք զբաղվենք դրանով, շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ: Պատերազմ է, Ադրբեջանն առաջ է գալիս: Հիմա է կանգնած, բայց երկու օր շարունակ առաջ էր գալիս, ու ցանկացած պահի կարող է նույնը կրկնվել: Պետք է հասկանալ, թե ինչպես ենք հայրենիքը պաշտպանում: Առավելեւս չի կարելի ապատեղեկատվություն տարածել, թե «հողերը հանձնեցին»: Կներեք, բայց այդ հայտարարություններն անողներդ պատկերացնո՞ւմ եք այն զինվորի վիճակը, որը հիմա այդ հողն է պաշտպանում, պատկերացնո՞ւմ եք, որ ինչ-որ պահի նա դրան հավատա, ի՞նչ կլինի»,- նշեց նա:
Իոաննիսյանը, անդրադառնալով այս օրերին տարածվող ապատեղեկատվություններին, լարվածությանը, նկատեց՝ դժվար է ասել, թե որքան է դա, այսպես ասած, մտնում զորամասեր եւ հասնում զինվորներին. «Ապատեղեկատվության հիմնական ալիքն այս անգամ սկսվեց երեկ երեկոյան, եւ ես արդեն Ջերմուկում չէի, գալիս էի Երեւան: Կդժվարանամ ասել, թե այդ հայտարարություններն ինչպիսի ազդեցություն են ունեցել: Հույս ունեմ, որ չեն ունեցել, որովհետեւ այն, ինչ ես տեսա Ջերմուկում՝ բազմաթիվ մարդիկ էին՝ զենքերը ձեռքերին՝ հաստատակամորեն տրամադրված հայրենիքը պաշտպանելու (խոսքը թե՛ ոստիկանների, թե՛ մնացած ուժայինների, զինվորների ու քաղաքացիական անձանց մասին է»):
Անդրադառնալով գերտերությունների եւ առհասարակ տարբեր երկրների արձագանքին այս օրերին տեղի ունեցած սահմանային լարվածությանը՝ Իոաննիսյանը շեշտեց՝ եղան պետություններ, որ նորմալ արձագանքեցին, եղան, որ շատ թույլ արձագանք եղավ: «Ինձ դուր չի գալիս մեր դաշնակիցների արձագանքը: Մարդու լեզուն էլ չի պտտվում դաշնակից անվանել այն երկրին, որը նման կերպ է արձագանքում քո՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա ռազմական հարձակմանը»,- ընդգծեց նա:
Վերջինիս կարծիքով՝ Հայաստանը պետք է դիմադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիային, իսկ գլոբալ առումով ՀՀ-ն պետք է ուժեղանա, որ նվազագույն կախման մեջ լինի ՌԴ-ից. «Մեր եւ այդ երկրի հարաբերությունները կախման հարաբերություններ են, դրանք դաշնակցային չեն»:
Կարծիքներ