Հայաստանի և Ռուսաստանի միջև երբեք չի եղել ու չի կարող լինել որևէ կնճռոտ հարց
Թուրք-ադրբեջանական անհեռատես և արկածախնդիր քայլերը՝ սանձազերծելով ագրեսիա ընդդեմ Արցախի Հանրապետության, հարթեցին հայ-ռուսական հարաբերությունների կնճիռները:
Արցախյան պատերազմի այժմյան շրջափուլը հետևանք է իմպուլսիվ և անձնական մոլուցքներին ու նկրտումներին հագուրդ տվող երկու թուրքական պետությունների ղեկավարների՝ Էրդողանի ու Ալիևի անհեռատես քայլի: Ալիևի պարագայում՝ դեր խաղաց մոլագարության աստիճանի հասնող նրա ձգտումը ցանկացած գնով տարածքներ գրավել Արցախում, իսկ Էրդողանին առաջ է մղում Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտության մեջ ներքաշելու մոլուցքը, որի արդյունքը պետք է լիներ միջազգային հարթությունում ի ցույց դնելը, որ ԹՀ-ն և ՌԴ-ն «հավասար քաշային կարգի» տերություններ են: Սակայն, վերջիններս հաշվի չեն առել աշխարահաքաղաքական մի պարզ, աքսիոմատիկ ճշմարտություն՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև երբեք չի եղել ու չի կարող լինել որևէ կնճռոտ հարց, որը կգերակայի հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգային միջավայրի ապահովման գլոբալ խնդրին: Իսկ Թուրքիայի կողմից հրահրված և ուղղորդվող նոր պատերազմն ուղղակի սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությանը:
Ավելին, գրոհայիններին Ադրբեջան տեղափոխելով, Թուրքիան ստեղծում է նաև այլ մակարդակի սպառնալիք՝ ահաբեկչական տարրերի ՌԴ տարածք ներթափանցելու վտանգ, ինչը՝ Ռուսաստանը Թուրքիային երբեք չի ների: Ներկայացվածի վկայությունը երեք հեռախոսազանգերն էին՝ Երևանի և Մոսկվայի միջև, որոնք ուղղակիորեն փոխեցին իրավիճակը: Փոխեցին ոչ միայն իրավիճակը հակամարտության հարթությունում, այլ փոխեցին իրավիճակն աշխարհաքաղաքական լայն համատեքստում: Էրդողանի և Ալիևի կարճամիտ քայլերը կատալիզատորի դեր խաղացին հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման համար, որոնք այս պատերազմի ավարտից հետո կվերարժևորվեն երկու կողմերում և կկառուցվեն արդեն նոր որակական մակարդակի վրա:
Կարծիքներ