Գագիկ Ջհանգիրյանն ամփոփ ներկայացրեց շուրջ 4 ամսում կատարած կարևոր աշխատանքները
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ամփոփեց վերջին 3-4 ամսում կատարած աշխատանքը:
Ջհանգիրյանը նշեց, որ այս ընթացքում իրենց եղել են «ՀՀ դատական օրենսգրքի» մեծ փաթեթի լրամշակման կարևոր և առաջին նախաձեռնողներից:
«Այդ օրենսգիրքն այժմ վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Ցավոք, այդ տարբերակը դարձավ քաղաքական ուղղորդված իրավական լսարանի սուր քննարկման առարկա: Պետք է սպասենք, որպեսզի տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն: Մեզ համար հաջորդ խնդիրը եղել է Արդարադատության նախարարության խորհրդի գործունեությունը: Մենք, որպես դատարան գործելիս, երկու կարևոր ու նախադեպային որոշում ենք կայացրել՝ կապված դատավորներ Լուսինե Աբգարյանի և Վարդան Գրիգորյանի կարգապահական պատասխանատվության հետ: Այդ որոշումները վերաբերում են մինչդատական վարույթում, դատական իշխանության, դատական վերահսկողության իրականացման շրջանակներում հիմնավոր կասկածի և մեղքի հարցերի, դատական վերահսկողության և դատախազական հսկողության տարանջատման խնդիրներին, դատաքննության ընթացքում կիրառվող ապացուցողական շեմի տարբերակման հարցերին և այլն: Ուղարկել ենք քրեական գործեր քննող բոլոր դատավորներին՝ նպատակ ունենալով ոչ թե պատժել, այլ կանխել նման վարքագիծը, որպեսզի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը և դատախազական հսկողությունը խստագույնս սահմանազատվեն միմյանցից»,- նշեց Ջհանգիրյանը:
Նրա խոսքով՝ օգտագործելով դատական դեպարտամենտի մշտադիտարկման և դատական վիճակագրության վերլուծության վարչության հնարավորությունները, այս ընթացքում կատարվել է մի քանի կարևոր վերլուծություն: Դրանք կապված են եղել մինչդատական վարույթի ընթացքում խափանման միջնորդությունների քննարկման և դրանց դինամիկայի վերլուծության հետ՝ անցած 5 տարվա ընթացքում, ինչպես նաև դատավորների արձակուրդ ուղարկելու պրակտիկայի և գործերի քննության ժամկետների հետ:
Ջհանգիրյանն անդրադարձավ նաև դատարանների շենքային պայմաններին, ինչն, ըստ իրեն, կարևոր է դատարանների բնականոն գործունեության համար:
«Ունենք լավ շենքային պայմաններով ապահովված դատարաններ, ինչպես նաև ծայրահեղ վատ վիճակում գտնվող դատարաններ: Գեղարքունիքի մարզի Գավառի դատարանի շենքի մի մասն արդեն թեքված է, Մարտունիում դատարանի շենքն անմխիթար վիճակում է գտնվում, նիստերի դահլիճ չկա, լուսավորություն չկա և այլն: Նույն վիճակն է նաև Սիսիանի, Թալինի դատարանների շենքերում»,- ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը և հավելեց, որ մարզային այցելությունների շրջանակում արդեն իսկ այդ բոլոր շինությունները գույքագրվել են, և աստիճանաբար կսկսվի այդ խնդիրների լուծումը:
Կարծիքներ