Եվրոբոնդերի թողարկմամբ միջոցների ներգրավումը նախատեսված է եղել 2021-ի պետբյուջեի նախագծով. Ջանջուղազյան
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ եվրոբոնդերի թողարկման արդյունքում ներգրավված 750 մլն դոլարի հետ կապված կառավարության ծրագրերին:
«2021 թվականի բյուջեի մասին օրենքով որպես դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր արդեն իսկ նախատեսված է 242 միլիարդ դրամ, այսինքն՝ այդքան կֆինանսավորվի դեֆիցիտը։ Սա ոչ թե լրացուցիչ, չհաշվարկած, չնախատեսված պարտքի ներգրավում է, այլ ճիշտ հակառակը, օրենքով 2021 թվականի համար դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով նախատեսված աղբյուրի իրականացումն է։ Համոզված եմ, որ ինչ-որ ժամանակի ընթացքում կունենանք այնպիսի իրավիճակ, երբ այսպիսի իրադարձությունը չի գնահատվի որպես շատ ուշադրության արժանի։ Մեր քաղաքականությունը պարտքի կառավարման բնագավառում այնպիսին է, որ հնարավորինս մեծացնում ենք թողարկումների չափերը մեկ անգամ տեղի ունեցող գործարքների համար»,- ասաց Ջանջուղազյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Հարցին՝ բյուջեի օրենքի հետ կապված փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է պարտք/ՀՆԱ հարաբերակցության առումով, նախարարը բացասական պատասխան տվեց: «Ոչ, որովհետև օրենքը բավարար չափով կարգավորել է հարաբերությունները, և նոր փոփոխության անհրաժեշտություն չկա։ Այսինքն՝ այն, ինչն այսօր տեղի է ունենում, ամբողջությամբ օրենքի կարգավորման շրջանակում է»,- ասաց նա։
Ջանջուղազյանի խոսքով՝ պետք է կարողանալ իրերն ընկալել այնպես, ինչպես դրանք կան։ «Առաջարկում եմ՝ ամեն ինչի չփորձել գորշ ակնոցներով նայել»,- նշեց նախարարը։
Հարցին՝ տնտեսությանն ի՞նչ ակնոցներով է նայում, նախարարն ասաց. «Ընդհանուր տնտեսության վերաբերյալ մեր ընկալումն ունենք մեր ներկայացրած նախատեսումներում, որոնք առայժմ վերանայված չեն։ 3,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը 2021 թվականին ի՞նչ որակման է արժանի»։
Կարծիքներ