Ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները:
Քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 37-ամյա բնակիչը, ավտովթարի հետևանքով քրոջ որդու մահն անզգուշությամբ առաջացնելու համար վրեժխնդիր լինելու դրդապատճառով, 2021 թ. մարտի 23-ին՝ ժամը 10:40-ին, ավտոմեքենայով գնացել է 35-ամյա համաքաղաքացու բնակության վայր, հեռախոսազանգով դուրս հրավիրել նրան և, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած որսորդական հրացանով ավտոմեքենայի սրահից կրակոցներ է արձակել վերջինիս կենսական կարևոր օրգանների՝ գլխի և կրծքավանդակի շրջաններին, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ