Լուսակունքում ոռոգման ջրի և լուսավորության հարցերը կլուծվեն
Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կկառուցվի լուսավորության ցանց, կիրականացվեն ոռոգման ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ լուսավորության ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 9 միլիոն 68 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 6 միլիոն 292 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 3 միլիոն 388 հազար դրամը՝ Լուսակունքի համայնքապետարանը:
Ոռոգման ջրատարի ներքին ցանցի մասնակի հիմնանորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 8 միլիոն 904 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 6 միլիոն 232 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 2 միլիոն 672 հազար դրամը՝ Լուսակունքի համայնքապետարանը:
Լուսակունք համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանի հավաստմամբ՝ երկու ծրագրերի համար էլ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է:
«Լուսավորության ցանցը կառուցվելու է կենտրոնական փողոցում եւ 8-րդ փողոցի մի հատվածում՝ 1400 մետր ընդհանուր երկարությամբ: Ոռոգման ներքին ցանցը կառուցվելու է երկաթյա կիսախողովակներով՝ շուրջ 700 գծամետր ընդհանուր երկարությամբ: Այն անցնելու է կենտրոնական փողոցով եւ սպասարկելու է գյուղի ամենախոշոր թաղամասի տնտեսություններին: Ջրատարի գլխամասում, որը գտնվում է հարեւան Խաչաղբյուր համայնքում, կիրականացվեն բետոնապատման աշխատանքներ: Այս ծրագրի իրականացման արդյունքում նվազագույնի կհասցվեն ոռոգման ջրի կորուստները, կբարելավվի ջրամատակարարումը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Կարծիքներ