Դասեր քաղելու ժամանակը. Վիկտոր Ենգիբարյան

Դասեր քաղելու ժամանակը. Վիկտոր Ենգիբարյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

«Դասեր քաղելու ժամանակը

Երբ 1988-ին տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը՝ ես մանկահասակ երեխա էի։ Մենք ապրում էինք Թալինում, որը նույնպես պաշտոնապես երկրաշարժի գոտի էր համարվում։ 1989-ին արդեն Թալինում մեկնարկեց նոր մանկապարտեզի ու մի շարք շենքերի շինարարություն, որոնք կառուցում էին մեր խորհրդային բարեկամներ մոնղոլները եւ տաջիկները։ Առաջին դասարան էի, ամեն օր դպրոցից հետո այցելում էի մեր մոնղոլ ու տաջիկ բարեկամներին ու զրուցում էինք երկրաշարժից, շինարարությունից։ Մեկ, երկու օր բացակայելուց հետո, դպրոցից վերադառնալիս անպայման լսում էի շինարարների բացականչությունը. Виктор, какие новости в мире? Ու էլի կրկին զրույց աշխարհից, երկրաշարժից, շինարարությունից եւ այդպես շարունակ։

Քանի որ հայրս էլ է շինարար ու աշխատել է աղետի գոտում, փոքրուց ինձ մոտ ձեւավորվել է կարծիք, որ աղետի գոտու զոհերի մեծ քանակը պայմանավորված էր շինարարության վատ որակով, ինչը իր հերթին պայմանավորված էր մետաղական կոնստրուկցիաների, ցեմենտի ու այլ նյութերի գողությունով։

Երկրաշարժից հետո հազար ու մի միֆ ստեղծվեծ այդ աղետի մասին, սկսած նրանից որ «չար» խորհրդային իշխանավորներն էին դավադրություն սարքել, վերջացած թուրքից ու ստորգետնյա ռազմաբազայի պայթեցումից։ Չեմ բացառում, որ մասնագետները լուրջ գնահատական տվել են 88-ի աղետալի երկրաշարժին, բայց որ դասեր չեն քաղվել հաստատ։ Ինչո՞ւ եմ այդպես պնդում, որովհետեւ երկրում, որտեղ երկրաշարժից դասեր են քաղում, չեն կարող կառուցվել այնպիսի վատ որակի շենքեր, ինչպիսիք կառուցվել են դրանից հետո։ Իսկ դասը ընդամենը հետեւյալն է, «ապօրինի կառուցապատումը կամ շինարարությունից գողանալը սպանում է մարդկանց»։

Ավելին ասեմ, վստահ եմ, որ եթե փնտրենք, Գյումրիում հիմնահատակ փլուզված շենքի հենց նույն տեղում կգտնեք ավելի վատ որակի շենք, սա ցինիզմի վերջը չէ՞։

Դասեր քաղելու թշնամին ճակատագրապաշտությունը, դավադրապաշտությունը եւ սնապարծությունն է, այդ բամբասանքները բթացնում են մտածելու ունակությունը եւ քարոզում մարդկային անկարողություն՝ իր բոլոր հետեւանքներով։

Աղետներ, այդ թվում պատերազմներ, միշտ են լինում, դրանք մոլորակի գոյության ու մարդկության կյանքի անբաժանելի մաս են։ Աղետներից՝ որքան էլ ցավոտ լինեն դրանք, կործանարար ողբերգություն սարքելը անօգուտ է, անհրաժեշտ է դասեր քաղել, վերջ տալ դատարկաբանություններին կրթվել ու կառուցել «անսասան շինություններ»»,-գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում