Թանգարանների վերականգնողների և ֆոնդապահների համար վերապատրաստման դասընթացը վարել են ֆրանսիացի մասնագետները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» համատեղ ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Մետաղական դետալները գործվածքի վրա. տեխնոլոգիան, ամրակայման և վերականգնման մեթոդները» խորագրով վերապատրաստման դասընթացը։
Ծրագիրն իրականացրել են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտը: Դասընթացը վարում էին մետաղական առարկաների վերականգնման մասնագետներ Անն-Մարի Ժեֆրուան և Էմիլի Ռուքիեն:
Դասընթացներին մասնակցել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և հայաստանյան տարբեր թանգարանների վերականգնողներ ու ֆոնդապահներ։
Տեսական և գործնական դասերի ընթացքում ներկայացվել և քննարկվել են տարբեր մետաղների համաձուլվածքների պատմությունը, բաղադրությունը, պատրաստման տեխնոլոգիաները, քայքայման առանձնահատկությունները և վնասվածքների տեսակները: Դասընթացի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև առարկաների վիճակի վերլուծության եղանակներին, գնահատման համար անհրաժեշտ գործընթացներին, մաքրման և ամրակայման, պահանության համար նյութերի ու պարագաների կիրառմանը:
Դասընթացի ընթացքում արծարծվել է գործվածքի և դրա վրա ամրացված մետաղական դետալների, մետաղաթելերով հյուսված և ասեղնագործված հատվածների խնդիրը, դիտարկվել են թույլատրելի վերականգնողական միջամտությունների տարբերակները:
Կարծիքներ