Հայկ Մարությանի, սևերի, սպիտակների, նոր սևերի ու ստեղծված իրավիճակի հիմքերի մասին. Գևորգ Բաբայան

Հայկ Մարությանի, սևերի, սպիտակների, նոր սևերի ու ստեղծված իրավիճակի հիմքերի մասին. Գևորգ Բաբայան

Ի սկզբանե նշեմ, որ Մարությանը եղել է իմ քաղաքապետն ու ղեկավարը, մեր հարաբերությունները միշտ շատ ջերմ են եղել, ու կարծում եմ` կշարունակեն այդպիսին մնալ։ Իսկ այս գրառումը ոչ թե մեղադրական է, այլ սեփական փորձով տեսածի ու զգացածի մասին է։

Քաղաքապետն ապակոռումպացված, քաղաքի խնդիրների լուծման համար ջանք չխնայող մարդ է, սակայն ի սկզբանե մեր համատեղ աշխատանքի հիմքերը խարխուլ դրվեցին, ու համայնքի կառավարումը ճիշտ հունով չընթացավ.

Մարությանն ուզում էր գոյություն ունեցող խարխուլ համակարգն առանց փոփոխության ոտքի կանգնեցնել, իսկ ես ուզում էի ավելի արդյունավետ, համայքի խնդիրների խորքային ուսումնասիրությանն ու լուծմանն ուղղված կառավարման մոդելի համակարգ ստեղծել։ Մարությանին իհարկե հաջողվեց վերականգնել խարխլվածը, բայց, բնականաբար, դա այն նույն քաղաքի կյանքի հետ առնչություն չունեցող և կոռուպցիոն համակարգն է։

Քաղաքապետն իր մոտ գրեթե չէր կատարում կադրային փոփոխություններ (կատարելու դեպքում էլ վայ էդ փոփոխությանը), իսկ այդ կոռումպացված, հետադիմական ու նորօրյա արժեքների դեմ պայքարող մարդկանց հետ աշխատելը բերում էր տհաճ միջադեպերի, բախումների և ի վերջո համագործակցության խզման։

Ես ուզում էի վարչական շրջանի կառավարմանն անհրաժեշտ գոնե մինիմալ լիազորություններ, Մարությանը խոստանում էր, բայց կամաց֊կամաց տանում էր եղածը (բոլոր վարչական շրջաններից)` թողնելով գրեթե միայն տեսչական և եկամուտների հավաքագրման գործառույթը։

Ես ուզում էի համայնքի դեմ կատարված հանցագործությունները բացահայտել, բայց քաղաքապետարանը խոչընդոտում էր… ուզում էի կլանային անօրինությունների շղթան քանդել, բայց քաղաքապետարանը խոչընդոտում էր… ուզում էի կառուցել, խոչընդոտում էր… ուզում էի քանդել, էլի խոչընդոտում էր…

Ես գտնում էի բարերարներ ու ներդրողներ, բայց քաղաքապետարանը նեղացնում էր։

Ես ուզում էի խնդիրներին հիմնային լուծում տալ, իսկ քաղաքապետարանն էսթետիկա էր պահանջում։

Ես ուզում էի քաղաքապետարանի ու թաղապետարանի կշռի մեծացում, պետական և մասնավոր կառույցների հետ համագործակցություն, իսկ նա իներտ մնալով խզում էր եղածն ու մեղադրում բոլորին։

Ես ուզում էի ուժեղ ղեկավար, ով ականջալուր կլիներ իմ խնդիրներին, ով հաշվետվություն կպահանջեր կատարած և չկատարած աշխատանքիս վերաբերյալ, ով թիկունք կկանգներ ինձ իր հանձնարարականների կատարման ընթացքում, ով անկողմնակալ կլուծեր ներքին բախումների հարցերը, բայց նա անգամ հնարավորություն չէր տալիս առհասարակ խոսելու։

Կամաց կամաց շաբաթական ընդհանուր ժողովները դարձան երկու ժամյա, մեկ ժամյա, կես ժամյա, ապա ամսական և վերջ ի վերջո սեզոնային։

Մարությանի և մեր միջև շփման պակասը բերեց ներքին սևերի ու նոր սևերի էլ ավելի ուժեղացման, որն էլ իր հերթին արդյունք դարձավ սեփական անկախ թիմի ձևավորման։

Սևերի ու նոր սևերի հետ պայքարում անզոր գտնվելով` հաճախ թաքնված դիմում էի ավագանու անդամ ընկերներիս, բայց ավաղ այդ նույն սևերն ու նոր սևերը կրկին դիմադրում էին….

Կարծում եմ`նմանատիպ բազում իրավիճակներում հայտնվել են նաև մեր թաղապետների և ավագանիների մեծ մասն ու հենց նման դեպքերով է կառուցվել ստեղծված իրավիճակի պատնեշը….

ՀԳ. Այս բոլոր հարցերի շուրջ իհարկե զրուցել եմ պարոն Մարությանի հետ, սակայն ապարդյուն,, բայց և այնպես ներեղություն եմ խնդրում ներքին աշխատանքային խնդիրների մասին բարձրաձայնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում