IT ոլորտի շվեդական խոշոր ընկերությունը պատրաստվում է Հայաստանում ստեղծել 1000-ից ավելի աշխատատեղ. նախարար
Մի շարք եվրոպական, ամերիկյան ընկերություններ Հայաստանում ներդրումներ անելու գործընթացի մեջ են: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Հեռանկար»-ի շրջանակում տված հարցազրույցում՝ անդրադառնալով հետպատերազմական շրջանում ներդրումների ներգրավման թեմային:
Նախարարը նախ կարևորեց տարբերակել հայ կամ հայաստանյան ներդրողներին և օտարերկրյա կամ միջազգային ներդրողներին: «Առաջին խմբի ներդրողները, երբ տեսնում են, որ պատերազմ է, և իրենց հայրենիքը վտանգված է, այլ մղումներով են ներդրումներ անելու ցանկություն ունենում: Սա այն դեպքում, երբ սովորական պայմաններում միգուցե այնքան էլ ցանկություն չունենային ներդրում անելու: Իսկ հիմա խնդիր է դրված՝ օր առաջ վերականգնել հայրենիքի տնտեսական հզորությունը, և բոլոր ներդրողները, որոնք, բացի ներդրող լինելուց, նաև հայրենասեր են, շտապում են ներդրումներ անել, փորձում են օր առաջ իրենց լուման ներդնել՝ հայրենիքի վերականգնման գործում: Նրանք, ի ուրախություն մեզ, շատ-շատ են»,-ասաց Քերոբյանը:
Նա նշեց՝ ներդրման հիմքը բիզնես գաղափարն է, սակայն ավելանում է նոր ու կարևոր գործոն՝ հայրենասիրական գործոնը: «Դա չի նշանակում, որ բիզնեսմենը չի ցանկանում շահույթ ստանալ, հակառակը, հաշվի առնելով ռիսկերը, փորձելու է ավելի շատ շահույթ ստանալ, բայց միևնույն է մղումը՝ անել ներդրում այս իրավիճակում, մեծանում է հայրենիքի նկատմամբ սիրով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է միջազգային ներդրողներին՝ նախարարը նշեց, որ տեսնում է փաստացի մի շարք եվրոպական, ամերիկյան ընկերությունների, որոնք հիմա ներդրումներ անելու գործընթացի մեջ են: «Օրինակ կարող եմ բերել մի շվեդական ընկերություն, որը Հայաստանում 1000-ից ավելի աշխատատեղ է պլանավորում բացել այս տարի: Դա IT ոլորտի ընկերություն է, 20-22 մլրդ դոլար կապիտալիզացիայով ընկերություն է: Աշխարհի ամենախոշորներից է իր ոլորտում: Ընկերությունը գրասենյակներ ունի Վրաստանում և մի շարք երկրներում, հիմա պատրաստվում է Հայաստանում բացել»,-ասաց Քերոբյանն ու վստահեցրեց, որ այդպիսի շատ ընկերություններ կան, ընդամենը մեկ օրինակ է բերում:
Նա կարևորեց, որ Հայաստանը կարողանա ճիշտ խոսել ներդրողների հետ: Նախարարի կարծիքով՝ դա նախկինում, նույնիսկ մինչև հիմա լավ չի արվում: «Փոխանակ, մենք գնանք ներդրողին խնդրենք, համոզենք, որ գա մեզ մոտ ներդրում անի, փորձում ենք ամեն կերպ վանել: Դա դեռևս շատ լավ երևում է պետական կառավարման համակարգի բազմաթիվ օղակներում»,-ասաց նախարարն ու լուծումներ մատնանշեց:
Նախարարը տնտեսության վիճակը մեկ բառով բնութագրեց որպես ճգնաժամային: Նա դա բացատրեց նրանով, որ անցյալ տարի Հայաստանի տնտեսությունն անցել է կրկնակի արհավիրքի միջով՝ համավարակ և պատերազմ:
Անդրադառնալով հարցին՝ եթե 2021-ին Հայաստանը վերադառնա 2019-ի տնտեսական արդյունքներին, ինչպե՞ս կգնահատի՝ Քերոբյանն ասաց, որ դա կլինի այն երկնիշ տնտեսական աճը, որի մասին ինքն արդեն խոսել է: «Ես դա կհամարեմ նորմալ արդյունք, իհարկե պետք է ձգտել ավելիին: Արդեն դա կլինի լավ արդյունք, այն այսօր համարվում է չափից ավելի լավատեսական կանխատեսում: Իհարկե, մենք ունենք մեր գործիքակազմը, թե ոնց պետք է լուծենք այդ խնդիրը»,-նշեց նախարարն ու շեշտեց, որ իրագործում են, ամեն օր իրենց մտքերը դառնում են իրականություն:
Կարծիքներ