Եթե պատվաստումները պատշաճ ձևով չշարունակվեն, ճգնաժամը վերադառնալու է անխուսափելիորեն․ Նիկոլ Փաշինյան

Եթե պատվաստումները պատշաճ ձևով չշարունակվեն, ճգնաժամը վերադառնալու է անխուսափելիորեն․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսային համավարակի առումով կայուն իրավիճակ է Հայաստանում, կառավարության այսօրվա նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Շարունակվում է պատվաստումային գործընթացը, մենք բոլոր օրերին իրականացրել ենք պատվաստումներ։ Եվ այսօրվա դրությամբ արդեն իրականացրել ենք երկրորդ դեղաչափով 722 409 քաղաքացու պատվաստում, առաջին դեղաչափով՝ 946 984 պատվաստում։ Նաև իրականացնում ենք խթանիչ դեղաչափերով պատվաստումները, և այն քաղաքացիները, ովքեր վեց ամիս առաջ ենք պատվաստվել, հորդորում ենք մոտենալ և ստանալ երրորդ դեղաչափը»,- ասաց Ավանեսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե պատվաստումները պատշաճ ձևով չշարունակվեն, ճգնաժամը վերադառնալու է անխուսափելիորեն։ «Մանավանդ, եկեք արձանագրենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում «օմիկրոն» տեսակի շտամը չի արձանագրվել, բայց նաև դա է անխուսափելի։ Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող է տեղի ունենալ, որ Հայաստան չմտնի այդ շտամը։ Հետևաբար, եթե մենք պատվաստումային պրոցեսն ամբողջությամբ նույն ծավալով չշարունակենք, նաև ներառելով խթանիչ դեղաչափերի ծավալների մեծացումը, մենք էլի կանգնելու ենք ճգնաժամի առաջ»,- ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում