Հայագիտական միջազգային կոնգրեսը համախմբել է աշխարհի տարբեր կրթագիտական հաստատությունների հայագետներին
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում այսօր մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որին մասնակցում են 16 երկրներից Հայաստան ժամանած շուրջ 40 հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ Անթիլիասից, Զմմառից, Վենետիկից, Վիեննայից, Երուսաղեմից:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով հայագիտության կարևորությունը՝ որպես հետազոտության, ճանաչողության, վերլուծության անսպառ աղբյուրի: Ըստ նրա՝ հայագիտությունը կարևոր է Հայաստանի համար պետության ամրապնդման տեսանկյունից:
«Հայագիտական հետազոտություններն ու այս ուղղությամբ աշխատանքները դիտվում են պետության զարգացման ուղղություն: Դրանք մեծ հնարավորություն են բացում հայերենի զարգացման համար, որի առջև կանգնած են նոր մարտահրավերներ. հետզհետե ավելի թվային դարձող աշխարհում մեր լեզվի կենսունակությունը պահելը պետության օրակարգային հարցերի ու ծրագրերի կենտրոնում է: Մեծ հնարավորություններ են բացվում պատմական տարբեր շերտեր ուսումնասիրելու ուղղությամբ, որոնց անդրադառնալն այսօրվա արդիական խնդիրներին արձագանքելու, սեփական փորձառությամբ ինքնազորեղացման ճանապարհն է, որը կարևոր է նաև տարածաշրջանի իմացության, տարբեր երկրների հետ հարաբերման իմաստով: Հայագիտության զարգացումը նաև մշակույթի հանրահռչակման, տարածման և իրազեկման կարևոր խողովակ է և գիտության միջազգայնացման ամենակարևոր ուղղություններից մեկը»:
Ըստ նախարարի՝ օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների գլխավոր առաքելությունն է ապահովել հայագիտության կայուն զարգացումը բոլոր ուղղություններով՝ համընթաց քայլելով համաշխարհային գիտության ձեռքբերումներին և նոր մարտահրավերներին:
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2012 թվականից իրականացվող օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը 2024 թվականի դրությամբ իրականացվում է 12 պետությունների 15 հայագիտական կենտրոններում, որոնցում ընդգրկված են շուրջ 200 ուսանողներ և հետազոտողներ:
«Հայագիտական կենտրոնների գործունեության ռազմավարական խնդիրներն այսօր առավել քան երբևէ արդիական են, ուստի առաջանում է զարգացման համար թիրախային նոր ուղղություններ սահմանելու անհրաժեշտություն: Նման ուղղություններից է Ցանցային հայագիտական համալսարանի ստեղծումը, որով հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց զարգացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ամփոփելով խոսքը՝ նա վստահություն է հայտնել, որ կոնգրեսը կհամախմբի բոլորին համընդհանուր նպատակների շուրջ և կստեղծի զարգացման նոր հնարավորություններ հայագիտության բնագավառում:
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության ուղղություններին, կարևորել է, մասնավորապես, մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերը:
«Շատ եմ կարևորում Հայագիտական միջազգային կոնգրեսի անցկացումը Հայաստանի հարուստ պատմական և մշակութային ժառանգության պահպանման և տարածման տեսանկյունից, քանի որ այն իր արժեքայնությամբ նաև համաշխարհային մշակութային ժառանգության մաս է»,- ասել է ԵՄ դեսպանը:
Նա ընդգծել է, որ նախընթաց տարին ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման, համագործակցությունների խորացման, նոր հորիզոնների նախանշման տարի էր ինչպես տնտեսության և մշակույթի, այնպես էլ երկրի տոկունությունն ամրապնդելու և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու առումով: Դեսպանն անդրադարձել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Եվրոպական լեզուների օրեր», «Կատապուլտ» և մշակութային այլ ծրագրերին, որոնք հայկական մշակույթը պահպանելու և զարգացնելու հնարավորություններ են ընձեռում:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր ողջույնի խոսքում նշել է. «Ստանձնել ենք այս հանձնառությունը՝ համոզմամբ, որ հարուստ գիտական ավանդույթները և բացառիկ ձեռագրական արժեքները ոչ միայն և ոչ այնքան հպարտության և հիացումի առիթ են, որքան տքնաջան և ստեղծագործ աշխատանքի, ներքին բովանդակային նորոգության մշտական ընթացքի, բնագրագիտական դպրոցի շարունակականության ապահովման, հայագիտության միջազգային վերադիրքավորման և գիտական միջազգային կապերի վերաիմաստավորման դաշտ: Համոզված ենք նաև, որ Մատենադարանի պատասխանատվության եզրագիծը և գործունեության հորիզոնը չեն սահմանափակվում սեփական պահոցներով ու աշխատակազմով: Եվ այս առումով հատուկ նշանակություն ունի Հայագիտական միջազգային կոնգրեսը, որ նոր հեռանկարներ է բացում հայագիտական միասնական օրակարգերի մշակման համար»:
Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է գիտության ոլորտում բարեփոխումների փաթեթը, նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև գիտնականներին, հետազոտողներին տրվող աջակցությունները թե՛ բնագիտական, թե՛ հասարակագիտական ոլորտներում: Նա նաև նախանշել է հումանիտար գիտությունների միջազգայնացմանն ուղղված նոր նախագծերի մասին:
Կոնգրեսի շրջանակում տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարն ու ԲԳԿ նախագահը պատասխանել են մասնակիցների տարաբնույթ հարցերին:
Մատենադարանում նույն օրը կազմակերպվել է նաև «Գրատոն» միջացառումը, որի շրջանակում ցուցադրվել են հայագիտական կառույցների և տարբեր հրատարակչությունների հրատարակած տարաբնույթ գրքերը, հանդեսները, պատկերագրքերը:
Միջազգային հայագիտական կոնգրեսի աշխատանքները կշարունակվեն մինչև հուլիսի 22-ը. քննարկումներ են նախատեսված նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:
Կարծիքներ