Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:
Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան:
Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է: Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ: Առարկաների և դասաժամերի քանակն ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները: Անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:
Դպրոցի սովորողների գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաների մասով կազմակերպվող տարբերակված ստուգարքներով և քննություններով: Փոխադրական քննությունը կամ ստուգարքն անբավարար ստանալու դեպքում կամ ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր 60 և ավելի կամ մեկ առարկայից ընդհանուր 16 և ավելի դասաժամ անհարգելի բացակայություն ունեցող սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը: Դպրոցի և սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) փոխադարձ համաձայնությամբ սովորողի անհատական պարապմունքների՝ անընդմեջ մինչև 16 դասաժամ հարգելի բացակայության դասաժամերը կարող են համալրվել՝ դպրոցի կողմից առաջարկված ժամանակացույցի համաձայն:
Դրսեկության ձևով (էքստեռն) դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական պլանով նախատեսված ստուգարքների և քննությունների հանձնման, սովորողի գերազանց առաջադիմության, դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ և լիազոր մարմնի թույլտվության դեպքում: Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում սովորողը դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:
Սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա սովորողին կարող է տրամադրվել երկարաժամկետ (ակադեմիական) արձակուրդ՝ մեկ տարի ժամկետով:
Դպրոցի ավարտական վկայական ստանում են այն շրջանավարտները, որոնք հանձնել են ավարտական ստուգարքներն ու քննությունները, հաճախել են ուսումնական պլանով նախատեսված բոլոր դասաժամերի առնվազն 70%-ը:
Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական, հետդպրոցական, ինչպես նաև ընդհանուր գեղագիտական զարգացման գծով ուսումնառություն:
Տեսական առարկաների (սոլֆեջո, երաժշտական գրականություն, արվեստի պատմություն, երաժշտական գրագիտություն և ունկնդրում) խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում փոքր համակազմ ունեցող դպրոցում այն կարող է սկսվել 3 սովորողից:
Լիազոր մարմնի որոշմամբ դպրոցում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար եղանակով:
Կարծիքներ