Հայաստանում իշխանությունը այլևս պատկանում է ժողովրդին. Շիրակի մարզպետ

Հայաստանում իշխանությունը այլևս պատկանում է ժողովրդին. Շիրակի մարզպետ

Սահմանադրության օրվա առթիվ Շիրակի մարզպետարանի, Շիրակի պետական համալսարանի ու Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ լսումներ են անցկացվել Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանում` «Սահմանադրականության ուղին․ մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայի շուրջ, որին ներկա են գտնվել մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գիտաշխատողներ, ուսանողներ։

Միջոցառման մեկնարկին Նազելի Բաղդասարյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ և նշել, որ պետականությանը նվիրված տոները պետք է նշվեն հավուր պատշաճի. «Կարևոր ձեռքբերում եմ համարում այն, որ տասնամյակներ առաջ կամարտահայտության շնորհիվ մենք կարողացանք ամրագրել երկրի Մայր օրենքը, որում ամարագրված են այն բոլոր իրավունքներն ու ազատությունները, որոնք պատկանում են մեր ժողովրդին, որում ամրագրված է մեր ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները։

Մայր օրենքն է այն երաշխիքը, որ մեր քաղաքացիները լինեն ազատ և անկախ, որն իր հետ բերում է հավասարություն, ընդգծում հիմնական իրավունքները, սահմանագծում նաև պարտականությունները։ Սահմանադրությունը հենքն է բոլոր օրենքների, իսկ իրավական երկրում օրինականությունը բարձրագույն արժեք է։ Նախորդող տարիների ընթացքում մեր սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվել, այժմ էլ սահմանադրական բարեփոխումների գործող հանձնաժողովն աշխատում է փոփոխությունների ուղղությամբ, լիահույս եմ, որ շուտով նոր հայեցակարգ կմշակվի»։

Ըստ Շիրակի մարզպետի օրենքն է, որ ստեղծում է իրավահավասարություն բոլորի նկատմամբ, օրենքն այն երաշխիքն է, որ մարդիկ իրենց հավասար զգան այս երկրում և մեր երկիրն այս առումով վերջին տարիներին զգալի առաջխաղացում ունի, քանի որ ժողովրդի իշխանությունը վերադարձվել է ժողովրդին և այն պետք է կարողանալ պահպանել։

«Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ազատ, ժողովրդավար, ինքնիշխան, սոցիալական պետություն է, որտեղ մարդը բարձրագույն արժեք է։ ՀՀ-ում այլևս իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- նշել է մարզպետը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն ու ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյայանը։ Երվանդ Սերոբյանն ընդգծել է, որ այսօրվա լսումները կարող են լավ ավանդույթի հիմք դառնալ և դրանք կկրեն շարունակական բնույթ։ Միջոցառմանը զեկույցներ են հնչել «Հայկական սահմանադրականության պատմական զարգացումը», «1863 թ. արևմտահայ սահմանադրությունը և հայ ժողովրդի ազգային ինքնության զարթոնքը», «Սահմանադրականության ուղին. մարտահրավերները և հետևանքները» թեմաների շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում