Հայ գերիների վերադարձի կոչով բանաձևը ողջ տարվա ընթացքում կլինի Կալիֆորնիայի դեմոկրատական կուսակցության առաջնահերթություններից
Կալիֆորնիա նահանգի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանի ջանքերով հայ գերիների վերադարձի համար ԱՄՆ Կոնգրեսի և Բայդենի վարչակազմի կողմից քայլեր ձեռնարկելու կոչով, Ադրբեջանի և Թուրքիայի վրա սանկցիաներ կիրառելու պահանջով բանաձևն առաջիկա տարվա ընթացքում կլինի կուսակցության 13 առաջնահերթություններից մեկը: Կուսակցության համագումարում բանաձևի ընդունումից հետո սպասվող զարգացումների մասին «Արմենպրես»-ը զրուցել է բանաձևը հեղինակած Էլեն Ասատրյանի հետ, որն այս օրերին Հայաստանում է:
«Սա ոչ միայն բանաձև է, որն անցել է համագումարի ժամանակ, այլ նաև դարձել է կուսակցության առաջնահերթության մասը: Ներկայացվել էր 159 բանաձև, որից միայն 13-ն էր կարող անցնել համագումարի ժամանակ: Դա նշանակում է, որ Կալիֆորնիայում այս տարվա ընթացքում կուսակցության բոլոր մարմինների քննարկվող առաջնահերթ հարցերի մեջ է լինելու Հայաստանի, Արցախի հարցը՝ գերիների վերադարձը, Թուրքիայի և Ադրբեջանի վրա սանկցիաներ դնելը»,-ասաց Ասատրյանը:
Բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում: Ընդունված բանաձևը կարևոր կոչ է անում նաև օրինակ Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային գրասենյակին և Նահանգային ուսուցիչների կենսաթոշակային գրասենյակին՝ պետական աշխատողների կենսաթոշակային բոլոր միջոցները դուրս հանել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թողարկված ներդրումային գործիքակազմից, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և քանի դեռ արցախցիներին չի տրվել իրենց պատմական հողի վրա ազատ ինքնորոշման հնարավորություն։
Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցությունը համարվում է ԱՄՆ-ի ամենամեծ և ամենահզոր կուսակցական մարմինը: Այն ներկայացնում է ավելի քան 10 մլն դեմոկրատների, բացի այդ Կալիֆորնիան համարվում է ամենահզոր նահանգներից մեկը: Բանաձն ուղարկվել է Բայդենի վարչակազմին, Պետդեպարտամենտին, Կոնգրեսին՝ հայտնելով, որ այս մարմինն ունի հետևյալ պահանջները: Ասատրյանը նկատեց նաև , որ Բայդենի վարչակազմը դեմոկրատական է, և նման մարմնից եկող բանաձևը, կոչը, իր կշիռը միանշանակ ունի:
«Դա միայն մեկ օրվա թեմա չէր, այլ այս ամբողջ տարին այս բանաձևի գծերը քննարկվելու են: Բոլոր ժողովներում այն պետք է քննարկվի՝ որպես առաջնահերթություններից մեկը»,-նշեց նախաձեռնողը:
Սա Էլեն Ասատրյանի միակ հայանպաստ ու կարևոր նախաձեռնությունը չէ, նա ԱՄՆ-ում իր ակտիվ գործունեությունը սկսել է դեռ 16 տարեկանից, հանդես է եկել տարբեր ձեռնարկներով: Նա եղել է Գլենդելի հայ դատի հանձնախմբի տնօրեն: Ասատրյանի նախաձեռնած օրենքի ընդունման արդյունքում մեկ տարում Գլենդելում աշխատանքի են վերցնել 15 հայ ոստիկանի: «Օրենքը պահանջում էր, որ ոստիկանը կարողանա խոսել հայերեն, քանի որ քաղաքում կա բնակչություն, որն անգելերենին չի տիրապետում»,-ասաց նա ու հավելեց, որ հիմա ոչ միայն ոստիկանությունում, այլ նաև քաղաքապետարանում ամենատարբեր բարձր պաշտոններում աշխատում են հենց հայեր:
Նա 2013-ին եղել է նաև արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի տնօրեն: 2014-ին նաև Էլեն Ասատրյանի ջանքերով հնարավոր է եղել հասնել նրան, որ Կալիֆորնիայի դպրոցներում 10-րդ և 11-րդ դասարաններում սկսել են դասավանդել Հայոց ցեղասպանության մասին: «2012-ին ստեղծել ենք «Հայ քվե» ծրագիրը, որի նպատակն էր արձանագրել և վստահ լինել, որ հայ համայնքը մասնակցում է ընտրություններին: Այս շրջանում 2 տարվա ընթացքում արձանագրվել է, որ 50 հազար հայ առաջին անգամ է մասնակցել ընտրություններին: Այսպիսով կարողանում ես քո համայնքի համար ստեղծել քաղաքական հզորություն»,-ասաց նա:
Պատերազմի ընթացքում, ինչպես տարբեր մարմինների հետ կապեր ունեցող հայեր, այնպես էլ Ասատրյանն օգտագործել է ԱՄՆ-ում ունեցած իր կապերը: Պատերազմի ընթացքում հանդես է եկել նախաձեռնությամբ, որի նպատակն է եղել հայկական հարցերով ակտիվություն ցուցաբերած կազմակերպություններին, անհատներին հավաքել մի սեղանի շուրջ՝ ինֆորմացիան ճիշտ հավաքագրելու, միասին աշխատելու համար: Պատերազմից հետո ևս այդ աշխատանքը շարունակում է ավելի դժվար լինել: Ասատրյանը կարևորեց Հայաստանից սփյուռքում ճշգրիտ ինֆորմացիա ստանալը՝ հասկանալու կարիքները: Նա մասնավոր այցով է Հայաստանում, սակայն արդեն հասցրել է հանդիպել հասարակական կազմակերպությունների հետ, նաև կառավարական տարբեր մարմինների հետ՝ փորձելու հասկանալ, թե որոնք են կարիքները: Այսպիսով կփորձի հասցեագրած խնդիրների հարցով ԱՄՆ-ում կապվել կազմակերպությունների հետ՝ համագործակցություն ստեղծելու համար, նկատած խնդիրները կբարձրացնի ԱՄՆ-ում:
Խոսելով հայ համայնքի մասին՝ նա ասաց, որ թեև պատերազմից հետո համայնքը կոտրված է, սակայն պատրաստ է օգնելու: Նա վստահ է՝ սփյուռքի և Հայաստանի համագործակցությունը պետք է շարունակվի: «Պատերազմը ցույց տվեց, որ մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են՝ էական չէ, թե որ ոլորտում, կարող են իրենց դերն ունենալ Հայաստանում»,-ասաց նա:
Զրուցեց Աննա Գրիգորյանը
Կարծիքներ