2020 թվականին ալկոհոլային խմիչքների արտադրությունը կրճատվել է 12.9%-ով
2020 թվականը խիստ ճգնաժամային էր նաև ալկոհոլային խմիչքների բիզնեսի համար։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2020 թվականին Հայաստանում արտադրվել են 160.1 մլրդ դրամի ալկոհոլային խմիչքներ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12.9 տոկոսով կամ 15,9 մլրդ դրամով պակաս, այդ թվում՝ կոնյակ՝ 92.6 մլրդ դրամ (անկում՝ 20.5%), խաղողի գինի՝ 10.1 մլրդ դրամ (անկում՝ 24.7%), խնձորի և այլ պտղահատապտղային գինիներ՝ 44.9 մլն դրամ (աճ՝ 4.2 անգամ), գարեջուր՝ 9.3 մլրդ դրամ (անկում՝ 11.2%):
Ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալների կրճատման վրա ազդել են ներքին և արտաքին մի շարք գործոններ։ Մասնավորապես՝
1․ Գործող իշխանություններն, ըստ ոլորտի մասնագետների, որդեգրեցին ծայրահեղ անարդար և անարդյունավետ հարկային քաղաքականություն՝ հարկումը եկամտից տեղափոխելով սպառում, ինչի հետեւանքով 2020 թվականի հունվար 1-ից շահութահարկի և եկամտային հարկի տոկոսադրույքները նվազեցվեցին՝ զուգահեռաբար ավելացնելով ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը, օրինակ՝ 1 լիտր օղու համար ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացավ 635 դրամով կամ 67 տոկոսով, ինչը, անշուշտ, կտրուկ բարձրացրեց օղու գինը ներքին շուկայում՝ կրճատելով սպառումը։ 2021 թվականի հունվար 1-ից դարձյալ բարձրացել է օղու ակցիզային հարկը՝ 1 լիտրի համար սահմանելով 2030 դրամ։ 3 տոկոսով ավելացել են նաև կոնյակի, գինու և մրգային օղիների ակցիզային հարկի դրույքաչափերը։ Այսինքն՝ անկումը խորացնող հարկային դրույքաչափերն էլ ավելի են բարձրանում։
2․ Հայ սպառողները նախընտրում են ալկոհոլային խմիչքների ավանդական տեսակները, ընդ որում վերոնշյալ շուկայում մեծամասնություն են կազմում տեղական արտադրության խմիչքները, ինչը պայմանավորված է հայկական խմիչքների գին – որակ մրցունակ համադրությամբ: Մասնավորապես՝ կոնյակի շուկայում 95 տոկոս մասնաբաժինը պատկանում է հայկական կոնյակին, գարեջրի շուկայում՝ մոտ 90 տոկոսը, օղու շուկայում՝ մոտ 50 տոկոսը: Կորոնավիրուսի համավարակը մեծ հարված հասցրեց Հայաստանի տնտեսությանը, հատկապես՝ զգալի անկում գրանցվեց զբոսաշրջության և հանրային սննդի ոլորտներում, քանի որ մի քանի ամիս տնտեսական գործունեության սահմանափակումների (Lockdawn) տակ ընկան ռեստորանները, բարերն ու այլ ժամանցային օբյեկտները, որտեղ մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքներ են սպառվում։
3․ Հայաստանի ոգելից խմիչքների արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է: Մասնավորապես՝ 2019 թվականին արտահանված խմիչքների 81.7%-ը ուղղվել է ՌԴ, ինչն ազդակ պետք է հանդիսանա Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտահանողների համար՝ նոր թիրախային շուկաներ բացահայտելու և մուտք գործելու տեսանկյունից, որպեսզի թուլացվի ռուսաստանյան շուկայից կախվածության աստիճանը: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի շուկան կայուն չէ՝ կիրառվող միջազգային տնտեսական պատժամիջոցների և ազգային արժույթի տատանվող փոխարժեքի տեսանկյունից, բացի դրանից պարբերաբար փոփոխության են ենթարկվում ՌԴ շուկա ներմուծվող ապրանքների նկատմամբ որակական և տեխնիկական պահանջները, ինչը ևս լրացուցիչ խոչընդոտ է հանդիսանում Հայաստանից ալկոհոլային խմիչքների արտահանման համար:
2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ է մտել «ՌԴ-ում խաղողագործության և գինեգործության մասին» դաշնային օրենքը, որի շրջանակում լրացուցիչ և առավել խիստ պահանջներ սահմանվեցին ալկոհոլային խմիչքների մակնշման նկատմամբ, ինչը հակասում է 2021 թվականի հունվարի 9-ին ուժի մեջ մտած «Ալկոհոլային խմիչքների անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին: Իրավիճակը շտկելու նպատակով՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին ընդունվել է ԵՏՀ Խորհրդի № 52 Կարգադրությունը, որի շրջանակում Ռուսաստանին առաջարկվել է փոփոխություններ իրականացնել Դաշնության ազգային օրենսդրության մեջ կոնյակի թորանյութի և մրգային գինիների մասով: Այս պահին կոնյակի մասով փոփոխությունն իրականացվել է, որից հետո ՌԴ առևտրային ցանցերը կրկին սկսել են ընդունել հայկական արտադրության կոնյակը: Սակայն գինիների մասով իրավիճակը նույնն է: Արդյունքում՝ 2020 թվականի ընթացքում շեշտակի կրճատվել է Հայաստանից ալկոհոլային խմիչքների արտահանումը Ռուսաստան։
4․ Ալկոհոլային խմիչքների որակի կառավարման և ստանդարտների ոլորտում հիմնական խնդիրներն են՝ մեծաթիվ կեղծիքների առկայությունը, որակի մասով հեղինակության անկումը առավել ցածրորակ ապրանքների ծավալների աճի պատճառով, «հայկական կոնյակ» դասակարգման օգտագործման հետ կապված օրենսդրական խնդիրները: Հայկական ալկոհոլային խմիչքների մարքեթինգի և վաճառահանման ոլորտում ևս առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հայկական կոնյակի բրենդի/համբավի պահպանումը, տրանսպորտային փոխադրումները, լոգիստիկ մեծ ծախսերը, նոր թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվության պակասը և այլն:
Ինչ վերաբերում է հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման այլընտրանքային ուղղություններին, ապա որպես թիրախային շուկա կարելի է դիտարկել ԵՄ երկրները, սակայն այստեղ շուկա մուտք գործելու ընթացակարգերը և որակական պահանջները բավականին խիստ են: Եթե անդրադառնանք Միացյալ Նահանգներ ալկոհոլային խմիչքների արտահանմանը, ապա այստեղ առկա են որոշակի խնդիրներ՝ կապված ապրանքների ամերիկյան շուկա մուտքի արտոնագրի ստացման հետ: Բացի դրանից, հաշվարկները ցույց են տալիս, որ ամերիկյան շուկա մուտք գործելու և դիրքավորվելու համար պահանջվում է միջինը 4–5 ամիս, ինչը, իր հերթին, առաջացնում է փողի շրջանառության խնդիր, իսկ հայ տնտեսվարողների գերակշիռ մեծամասնությունն աչքի է ընկնում առանց այդ էլ ֆինանսական միջոցների անբավարար մակարդակով:
Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, ալկոհոլային խմիչքների դեպքում դեռևս չի հաջողվում գտնել այնպիսի շուկաներ, որոնք կկարողանան թուլացնել ռուսական շուկայից կախվածությունը։ Քանի դեռ նոր խոշոր շուկաներ ի հայտ չեն եկել կամ եղած շուկաները չեն մեծացրել ներ կրման ծավալները, Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրությունը մեծապես կախված կմնա Ռուսաստանում տեղի ունեցող տնտեսական զարգացումներից: Ուստի, անհրաժեշտ է իրականացնել ալկոհոլային խմիչքների հումքի վերամշակումից մինչև իրացման փուլերի խնդրագրում և պետական աջակցության ծրագրերի վերանայում, ինչպես նաև արտահանման քարտեզագրում, որը հստակ կներկայացնի յուրաքանչյուր ուղղությամբ արտահանման ամենառեսուրսախնայող և ամենաարդյունավետ ճանապարհները:
NEWS.am-ի տեղեկանքը․ Հայաստանում արտադրվում և սպառվում է ալկոհոլային խմիչքների լայն տեսականի, մասնավորապես՝ կոնյակ, օղի, գինի, գարեջուր, շամպայն: Առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի կոնյակը, որը համարվում է Հայաստանի խորհրդանիշներից մեկը: Խաղողի աճեցումն ու մշակումը կարևոր սոցիալ-տնտեսական նշանակություն ունի մեզ համար, քանի որ այդ ոլորտում զբաղված են հազարավոր գյուղացիական տնտեսություններ, վերամշակող ձեռնարկություններ, 2019 թվականին ալկոհոլային խմիչքների արտահանումը կազմում է ընդհանուր արտահանման 11 տոկոսը (293 մլն դոլար)։
Խաղողի վերամշակման ոլորտում աշխատում են շուրջ 5 տասնյակ ձեռնարկություններ, որոնցից 12-ը՝ համեմատաբար խոշոր: Ընդհանուր արտադրական հզորությունների թվային արտահայտությամբ տարեկան վերամշակվում է շուրջ 265 հազ. տոննա խաղող: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է 2820 հոգի:
Կարծիքներ