Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրած, Գյուլին ՀՀ բերած ուժը ասում է՝ ոչ թուրքացմանը, կատարյալ ցինիզմ է. քաղաքագետ
Չգիտեմ՝ ինչո՞ւ Արթուր Վանեցյանը չմասնակցեց իրենց իսկ հրավիրած նիստին, բայց այս քայլով ընդդիմությունն ընդամենը ցանկանում է վերադառնալ խորհրդարան: Նրանք այլևս այլընտրանք չունեն. փողոցային պայքարը լուրջ հեռանկարներ չունի:
Անդրադառնալով ընդդիմության հրավիրած այսօրվա արտահերթ նիստին՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:
Վերջինիս համոզմամբ՝ ընդդիմադիրները Ազգային ժողով են ցանկանում վերադառնալ, որպեսզի «փողոցում անցկացրած իրենց շոուն այնտեղ շարունակեն»:
«Ինչպես ասում են, «show must go on». սկզբում շոու էին անում խորհրդարանում, հետո գնացին փողոց, հիմա էլի տեղափոխում են ԱԺ: Իրենք նպատակ ունեին խեղաթյուրել հանրային դիսկուրսը, և դա որոշ չափով նրանց հաջողվեց: Արդեն մի քանի ամսի է, ինչ հանրային դիսկուրսը տանում են լրիվ այլ ուղղությամբ: ՀՀ-ն շատ խնդիրներ ունի, որոնց մասին պետք է մտածի ու խոսի, բայց ընդդիմությունը դրանով շահագրգռված չէ, տանում են դեպի դատարկաբանություն»,- նշում է քաղաքագետը:
Ստեփանյանը համոզված է՝ դրոշներով Արցախը փրկել չեն կարող. «Քաղաքական ուժ, որը ստորագրել է Ցյուրիխյան արձանագրությունները, Աբդուլահ Գյուլին բերել է Հայաստան, հիմա ասում է՝ ոչ թուրքացմանը: Սա կատարյալ հիմարություն է, ցինիզմ: Հիմա էլ ուզում են նույն այդ ցինիզմը կրկին խորհրդարան բերել»:
Քաղաքական հիմնական ուժերի միջև չկա ոչ միայն կոնսենսուս, այլ ընդհանրապես դիալոգ, կարծում է զրուցակիցը, ինչը սկսել է հենց ընդդիմությունը:
«Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը հրավիրել էր փակ քննարկման, սակայն նրանք չէին համաձայնել: Հետո, երբ ՀՀ վարչապետը որոշեց բացեիբաց խորհրդարանում խոսել այն ամենի մասին, ինչ ցանկանում էր խոսել փակ նիստին, ընդդիմությունը փախչեց: Հիմա ի՞նչ տեղի ունեցավ, որ ընդդիմությունը որոշեց հետ գալ: Ուզում են միայն իրենք խոսեն ու դիրքորոշում ներկայացնեն, բայց բոլորն արդեն զզվել են իրենց դիրքորոշումից»,- ընդգծում է նա:
Ստեփանյանի նկատառմամբ՝ ընդդիմության ներկայացուցիչները, որոնք ամիսներ շարունակ փողոցում են և խորհրդարանում չեն կատարում իրենց պարտականությունները, պետք է զրկվեն իրենց մանդատներից կամ աշխատավարձ չստանան:
«Ես՝ որպես սովորական քաղաքացի, որը վարձու աշխատող է, եթե չեմ գնում աշխատանքի ինչ-որ պատճառներով, աշխատավարձ չեմ ստանում կամ հեռացվում եմ աշխատանքից: Ինչո՞վ են ինձանից տարբերվում պատգամավորները: Իրենք էլ են ինձ նման վարձու աշխատող են: Որպես քաղաքացի՝ ես պահանջում եմ, որ ԱԺ նախագահը և ԱԺ խորհուրդը իրավական գործընթաց սկսեն թույլատրելի բացակաների շեմն անցած պատգամավորների նկատմամբ»,- շեշտում է քաղաքագետը:
«Գնում էին նախարարություններ, նախարարներին հարց ուղղում, թե՝ ասեք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա կատարյալ հիմարություն է: Դա քաղաքական գործիչին վայել պահվածք չէ: Մտնել ԱԳՆ ու նախարարին կամ փոխնախարարներին ստիպել, որ ասեն՝ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Սա որևէ քաղաքական օրակարգի մեջ չի կարող տեղավորվել: Սա փողոցայինի պահվածք է»,- նկատում է նա:
Դիտարկմանը՝ երեկ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությանը հայտարարել է, որ որքան էլ ընդդիմությունը թույլ է, ամեն դեպքում նրանց գործողություններն ազդեցություն ունենում են արտաքին քաղաքականության վրա, քաղաքագետը համաձայնում է Հարությունյանի դիտարկման հետ:
«Հայհոյում են ադրբեջանցի Շահին Մուստաֆաևին՝ լավ իմանալով, որ նա հիմնական բանակցողն է Մհեր Գրիգորյանի հետ: Այս քայլերը նստվածք են տալու: Խորհրդարանական ընդդիմության օրակարգում կա մեկ միտում՝ վնասել Հայաստանի Հանրապետությանը: Այս մարդիկ չեն կարողանում տարբերակել Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանից: Իրենց համար միևնույն է՝ հարվածը կկրի պետությո՞ւնը, թե՞ Փաշինյանը: Կարևորը՝ վնաս լինի Փաշինյանին կամ ՔՊ-ին, բայց չեն հասկանում՝ Նիկոլ Փաշինյանը այսօր կամ վաղը միգուցե էլ իշխանության գլխին չլինի, իսկ պետությունը հարատև է: Իրենք տեսե՞լ են մի թուրք, որը իր պետությանը վնասում է»,- ասում է Ստեփանյանը:
Վերջինս ևս մեկ անգամ շեշտում է՝ ընդդիմության պայքարը մարում է՝ նշելով՝ ընդամենը երեկ ականատես է եղել, որ Ֆրանսիայի հրապարակում շուրջ երկու տասնյակ մարդ է եղել:
«Իշխանության դիրքորոշումը սա է՝ իրենք կհոգնեն, իրենց վրանները կհավաքեն ու կգնան: Եվ այդպես էլ կլինի: Քաղաքական տեսանկյունից իշխանությունների քայլը ճիշտ է, ճիշտ չէ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք չեն զբաղվում քաղաքականությամբ, սակայն տուժում են մայրաքաղաքում ստեղծված այս իրավիճակից»,- եզրափակում է նա:
Կարծիքներ