Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում հնարավոր կլիներ խուսափել պատերազմից

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում հնարավոր կլիներ խուսափել պատերազմից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը վարչապետին հարց ուղղեց պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ։

«2019 թվականին դուք ասացիք, որ կոնվեյերը տանում է դեպի պատերազմ, և ամեն ինչ անում ենք, որպեսզի այն կանխվի։ Հետ հետհայացքով չեք կարծում, որ դեպի պատերազմ տանող կոնվեյերը կանգնեցնելը անհնար է, որովհետև տարածաշրջանային ուժերին անհրաժեշտ էր պատերազմը, և իրենց շահերին հասնելու լավագույն միջոցն էր։ Ասեմ՝ ինչու․ Ադրբեջանին և Թուրքիային ձեռնտու էր պատերազմը, ՌԴ–ին նույնպես, որ իր դիրքերը ամրապնդի Արցախում և զորք ունենա, ներքին քաղաքական ուժերին նույնպես, որովհետև Արցախի հարցը կլուծվի, հողերի հետվերադարձը կլինի ոչ իրենց ձեռքով և դա կբերի իշխանափոխության, ըստ իրենց մտածացի, այսինքն՝ մի կրակոցով երեք նապաաստակ։ Այս ուժերի համախմբան և նրանց շահերի համընկման պարագայում չեք կարծո՞ւմ, որ կոնվեյերը կանգնեցնելը անհնար էր, ինչ էլ որ արվեր»,– ասաց նա։

Վարչապետը պատասխանեց․ «Ես պետք է անկեղծ լինեմ, և պարտավոր եմ լինել ուղիղ և հանրության ու քննիչ հանձնաժողովի առաջ։ Ո՛չ, չեմ կարծում, եթե մենք չպիտի հրաժարվեինք ԼՂ–ն Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսլականից։ Այսինքն՝ մենք այդ պահին կարող էինք ասել, որ մենք հրաժարվում ենք Արցախը Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից, և գնայինք այդ ճանապարհով, որը չի երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, որովհետև ես խոսեցի պատերազմական կոնվեյերի մասին, բայց ես ուզում եմ խոսել նաև պատերազմի խաչմերուկների մասին, որովհետև ես տեսնում էի, որ պատերազմի կոնվեյերին, որը մի գծային է, հաջորդում են պատերազմի խաչմերուկները բանակցային բովանդակության մեջ»։

Այդ խաչմերուկներից էր, օրինակ, ըստ վարչապետի, Լաչինի միջանցքի հետ կապված ճշգրտումները, որոնք թե՛ Կազանում ճշգրտված չէին, հետագայում էլ ավելի պակաս էին ճշգրտված։ Պատերազմի հաջորդ խաչմերուկը ԼՂ, այսպես ասած, հայ և ադրբեջանական համայնքների ներգրավման գործընթացն էր։

«Պատերազմի խաչմերուկներից էր դելիմիտացիայի և դեմարկացիայի  հնարավոր գործընթացը խաղաղության պայմանագրում։ Այսինքն՝ ես չեմ ասում, որ պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց դրա համար էլ պարտադիր պայմանն էր ԼՂ հարցի կարգավորման, հայկական տեսլականից հրաժարվելը, որը կարող էր տեսական հնարավորություն ստեղծել նման զարգացումներից խուսափելու համար»,– ասաց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում